Նորություններ

Մոնիտորինգային այց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

22.06.2018

 Հունիսի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են կատարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ): Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում>> դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում է մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացում և վերանայում, բուհի կարողությունների հզորացմանը միտված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենտրոնի ստեղծում՝ ինտերակտիվ լսարանով և առցանց խորհրդակցությունների ու սեմինարների համար նախատեսված դահլիճով: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտոր Վ.Առաքելյանը. նա ընդգծեց, որ այս դրամաշնորհային ծրագիրը լավ խթան է կրթության արդիականացման տեսանկյունից և համահունչ է բուհի միջազգայնացման գործընթացին:
<<Նման արդիական սարքավորումների առկայությունը բուհում կբերի սպորտի և ֆիզկուլտուրայի բնագավառում նոր ուղղությունների խթանմանն ու ձևավորմանը, ինչպես նաև բուհի հեղինակության բարձրացմանը>>,-հավելեց ռեկտորը: Ներկաները դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արայիկ Գյոզալյանի ուղեկցությամբ եղան նորաստեղծ ինտերակտիվ լսարանում, լաբորիատորիայում և խորհրդակցությունների դահլիճում: Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրով նախատեսված գործողությունների ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի նախորդ փուլերում են իրականացվել խորհրդակցությունների սրահի, ինտերակտիվ լսարանի և լաբորատորիայի համար նախատեսված տարածքների վերանորոգումը, կահավորումը և հագեցումը համապատասխան համակարգչային սարքավորումներով: Ընթացքում է լաբորատոր սարքավորումների ևս մեկ խմբաքանակի ձեռքբերման գործընթացը, այժմ ամփոփման փուլում է կազմակերպության ընտրության մրցութային գործընթացը:
Այս անգամ հանդիպման առանցքում կրթական բովանդակության արդիականացման, մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքների հետ կապված հարցերն էին: Ստեղծվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով՝ բուհն իրականացնում է համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Ա. Գյոզալյանի խոսքով կատարվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ պատրաստ են արդիական կրթական միջավայրի պահանջներին համապատասխան, նորացված ուսումնական պլանները, նախատեսվող դասընթացների առարկայական նկարագրերը:
Խոսելով կենտրոնի հնարավորությունների մասին ծրագրի ղեկավարը նշեց, որ բուհն ունի ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու լուրջ նախադրյալներ և քննարկում է հնարավոր համագործակցության ծրագրեր տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ: Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ քննարկման փուլում է միջազգային արդիական հետազոտական ծրագրի նախագիծը՝ Լյուվենի համալսարանի կինեզիոլոգիայի ֆակուլտետի հետ, որի շրջանակներում նախատեսվում է համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, փոխանակման ծրագրեր, նաև կրկնակի դիպլոմի կրթական ծրագրեր:
Բացի այդ, ստեղծվող կենտրոնը հետագայում կնպասի բուհում ձեռնարկատիրական գործունեության ծավալմանը:
<<Լյուվենի համալսարանը գիտության և ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ համադրման մեծ փորձ ունի, ուստի մենք հուսով ենք, որ համատեղ իրականացվող ծրագրերը դրական ազդեցություն կունենան նաև մեր բուհում նորարարությունների ներդրման գործընթացում>>,- ընդգծեց Ա. Գյոզալյանը և հավելեց, որ կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը կյանքի կոչվի և դրական արդյունքներ տա:
Այս քայլերը կարող են նպաստել ծրագրի շարունակականությանը և դառնալ ծրագրի հետագա արդյունավետության կարևոր պայման:

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...