Նորություններ

Աշակերտների հետաքրքրվածությունը նոր տեխնոլոգիաներով՝ դպրոցական առարկաների արդյունավետ ուսուցումը խթանելու միջոց

21.02.2018

Հայաստանի շատ դպրոցներում, երբ աշակերտները լաբորատոր փորձի կարիք են ունենում, նախ մոտենում են համակարգիչներին և միանում են ցանցին՝ թեմատիկ հասանելի փորձերը դիտելու համար, ուսուցիչներից շատերն էլ գործնական աշխատանքների իրականացման այլընտրանքային ձև ընտրում են վիրտուալ լաբորատորիաները: Տևական ժամանակ առցանց միջոցներից օգտվելը տարերային բնույթ էր կրում, էլեկտրոնային բովանդակությունն էլ ճնշող մեծամասնությամբ հայալեզու չէր ու հարմարեցված չէր հանրակրթության ուսումնական ծրագրերին: Այսօր աշակերտների և ուսուցիչների համար http://esource.armedu.am/ հասցեով հասանելի են հայալեզու և առարկայական ծրագրերին համապատասխան կառուցված ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաներ` ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Այդ լաբորատորիաները ստեղծվել են <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում>> ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար: Դրանք իրենցից ներկայացնում են ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաներ` ուղեկցված համարժեք տեսական մասով: Նշված առարկաներից յուրաքանչյուրի կազմի մեջ մտնող ուսումնական նյութը ներկայացվում է ցուցադրություն, լաբորատոր աշխատանք, գործնական աշխատանք, ինտերակտիվ աշխատանք բաժիններով: Վիրտուալ լաբորատորիաների ստեղծման ընթացքին անդրադարձը հասանելի է նաև Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի նախորդ հրապարակումներում: Վիրտուալ լաբորատորիաները` շատ բարենպաստ միջավայրում, հնարավորություն են տալիս աշակերտներին նմանակելու իսկական լաբորատորիաներում անցկացվող փորձերը: Ինտերակտիվ դասընթացները պարունակում են բազմաթիվ նկարներ, անիմացիաներ, ունեն առարկայական նյութի ձայնային ուղեկցում: Վիրտուալ լաբորատորիայում աշակերտին տրամադրվում են նյութեր, տարաներ և գործիքներ, որոնց ընտրությունը կատարվում է մկնիկի օգնությամբ: Փորձի ընթացքում աշակերտի կողմից կատարված գործողությունները հսկվում են, արվում են համապատասխան դիտողություններ, տրվում ցուցումներ: Համակարգն ընձեռում է նաև լրացուցիչ հնարավորություններ` ծանոթանալ փորձի նկարագրությանը, ուսումնասիրել փորձում առկա նյութերի փոխազդեցությունը, ստանալ տեղեկություններ նյութերի և նրանց հատկությունների մասին: Մանկավարժների հավաստմամբ` վիրտուալ լաբորատորիաները օգնում են դպրոցներին լրացնելու իրական սարքավորումների պակասը:
Նշենք, որ այս նոր գործիքների օգտագործումը նպաստում է ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Այսօր հայաստանյան շատ դպրոցներում դրանք դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում: Ծրագրի հաջողության վկայություն է նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ամիս աճում է ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաներից օգտվող աշակերտների և ուսուցիչների թիվը: Եթե 2016 թվականին,երբ դրանց գործարկումը նոր էր մեկնարկում, կայքի այցելուների թիվը ամսական միջինում 200-300 էր, ապա 2018 թվականին արդեն շուրջ 7000 աշակերտ դասպատրաստումն իրականացնում է էլեկտրոնային կրթական նյութերի օգնությամբ(նկ.1) : Առարկաների դիտումների վճակագրությունը նույնպես փաստում է լաբորատորիաների կարևորության և արդյունավետության մասին: Ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաները ամենից շատ օգտագործվում են <<ֆիզիկա>> առարկայի շրջանակներում ( նկ.2): Էլեկտրոնային կրթական նյութերից ամենից հաճախ օգտվում են 7-րդ դասարանի աշակերտները ( նկ. 3): Նկատելի է նաև դիտումների տևողության աճը (նկ.4): Ըստ վիճակագրության՝ պարզ է դառնում, որ <<քիմիա>> առարկայի <<գործնական աշխատանք>> բաժինը, որը ներառում է քիմիական փորձերը, առանձնակի հետաքրքրություն է առաջացրել աշակերտների շրջանում (ամսական շուրջ 8000 դիտում, նկ.5) :
Վիրտուալ լաբորատորիաների առաքելությունն ուսումնական գործընթացի գրագետ և մատչելի կազմակերպմանն օժանդակելն է։ Էլեկտրոնային կրթական նյութերը լրացնելով ուսուցման ավանդական ձևերը, ուսուցումը դպրոցում դարձնում են ավելի հետաքրքիր և արդյունավետ: Մասնագետները վստահ են, որ ուսուցման այս մեթոդն ավելի գրավիչ է աշակերտների համար, որոնց հետաքրքրվածությունը նոր տեխնոլոգիաներով հաջողությամբ կարող է օգտագործվել նաև դպրոցական դասական առարկաների՝ առավել արդյունավետ ուսուցանման նպատակներով:


 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...