Նորություններ

Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը>>

13.02.2018

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում փետրվարի 12-ին բացվել է <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը>>: Այն հագեցած է մի շարք լաբորատորիաներով եւ եզակի սարքավորումներով: <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի>> բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը, ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ: Հյուրերը եղել են փորձագիտական կենտրոնում, ինովացիոն ծառայության տարածքում, նորաբաց լաբորատորիաներում դիտել ներկայացված սարքերը, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետաքրքրվել՝ ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառության մասին: Նորաբաց <<Հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների>> լաբորատորիայում ներկաներին ողջունեց ՀԱՊՀ ռեկտորը: Նա նշեց. <<Ինժեներատեխնիկական կրթության ուղղությամբ կարևոր քայլ է կատարվում երկու հարթության մեջ: Առաջինը. ստեղծվում է առաջավոր տեխնոլոգիական լաբորատորիաների համակարգ և երկրորդը՝ փորձ է արվում համադրվող հարթակ ստեղծել, որպեսզի տարբեր ուղղություններով առկա ռեսուրսները հնարավորինս ճիշտ ուղղորդվեն դեպի կիրառական գիտություն>>: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բուհը ձեռք է բերել ինժեներական առաջատար գործիքակազմի մի ողջ համալիր՝ այսպիսով աստիճանաբար վերածվելով Հայաստանի համար կրթական և գիտական մտքի կարևորագույն կենտրոնի և շարունակելով պահել ինովացիոն առաջամարտիկի իր դերը: <<Եթե մենք կարողանանք գիտական կենտրոնները և համալսարանները կապել մեկ ցանցի մեջ, ապա աստիճանաբար կուտակված այս ողջ ռեսուրսը կկարողանա ծառայել ողջ հանրապետությանը՝ այսպիսով Հայաստանը դիտարկելով իբրև մեկ հարթակ>>,-ընդգծել է նախարարը: ՀԱՊՀ-ի Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանը խոսեց կատարված հսկայածավալ աշխատանքի մասին: Նա նշեց, որ ծրագրի ընթացքում համալսարանում իրագործվել են բազմաթիվ միջոցառումներ՝ մշակվել և հրատարակվել է բուհի գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանը, ստեղծվել և գործում է ինովացիոն խորհուրդը, կազմակերպվել է նորարարությունների դպրոցը, իրականացվել են վերապատրաստումներ մտավոր սեփականության պաշտպանության ու մարքետինգի գծով: Բուհի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծվել են նաև կոնկրետ գործիքներ՝ ինովացիոն ծառայությունն ու ինովացիոն պորտալը: Նրա խոսքով՝ ինովացիոն պորտալը, յուրօրինակ գույքագրում իրականացնելով բուհում առկա ենթակառուցվածքների, հնարավորությունների և ներուժի, ամբողջական պատկերացում է տալիս բուհի գիտահետազոտական գործունեության և ծառայությունների մասին:
Վեբ հենքով աշխատող ինովացիոն պորտալը մեկ միասնական տեղեկատվական միջավայրում է միավորում համալսարանի ուսումնահետազոտական բազաները և լաբորատորիաները: ՀԱՊՀ ռեկտորի բնորոշմամբ՝ ինովացիոն ծառայությունը գործելու է իբրև բուհը տնտեսությանը և այլ շահառուներին կապող այն օղակը, որ կարգավորելու է գիտական գործունեության արդյունքների առևտրայնացմանն առնչվող առաջարկի և պահանջարկի հարցերը:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև փորձագիտական կենտրոն, որի կազմում վերազինվել կամ ամբողջությամբ հիմնվել են յոթ լաբորատորիաներ. մասնավորապես, ժամանակակից սարքավորումներով համալրված այս կենտրոնը միավորում է <<Հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների>>, <<Գիտաարտադրական>> (երեք առանձին լաբորատորիաներ), <<Այլընտրանքային էներգիայի>> և <<Կառուցվածքային հետազոտությունների>> լաբորատորիաները: Դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքին անդրադարձը հասանելի է նաև Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի նախորդ հրապարակումներում:
Ներկաները շրջայցն ավարտեցին <<Կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայում>>, որտեղ ծրագրի շրջանակներում տեղադրվել է ռենտգենակառուցվածքային դիֆրակտոմետրը: 214625 եվրո արժողությամբ սարքն իր բնույթով եզակի է Հայաստանում:Այն հնարավորություն է տալիս մեծ ճշտությամբ ուսումնասիրել տարաբնույթ նյութերի կառուցվածքները:
<<Փորձագիտական կենտրոնի ստեղծումը և նման արդիական սարքավորումների առկայությունը համալսարանում կնպաստի գործարար ոլորտի հետ փոխշահավետ համագործակցային կապերի սերտացմանը, համալսարանի գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանն ու հետագա ապրանքայնացմանը, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը>>,-ընդգծեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը:
Այսպիսով՝ իրականացված ծրագիրը հնարավոր է դարձնում էականորեն ընդլայնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող Պոլիտեխնիկական համալսարանի դերը տնտեսության՝ տեխնոլոգիական զարգացում պահանջող ոլորտներում:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...