Նորություններ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
28.12.2017
Սիրելի հայրենակիցներ
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը շնորհավորում է Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով:
Կրթության ոլորտում մեր աշխատանքն առնչվում է հասարակության գրեթե բոլոր խմբերի սպասումների, ակնկալիքների և արձագանքի հետ, ինչը <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի համար իրականացվող աշխատանքի հանրային նշանակության հավելյալ պատասխանատվություն է: Տարվա ընթացքում փորձել ենք այդ պատասխանատվությունը իրացնել տարբեր հարթակներում՝ հանրային քննարկումների, աշխատանքի արդյունքների հնարավորինս լայն լուսաբանման և այլ միջոցներով:
Անցնող տարին ճանապարհում ենք նախատեսված աշխատանքների կատարողական բարձր ցուցանիշներով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով:
Ավարտվում է 2017-ը, որի ընթացքում մեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մարզաբնակ բազում մանուկներ հաճախում են գեղեցիկ ու իրենց կարիքներին հարմարեցված նորաստեղծ նախակրթարաններ, որ պետք է ապահովի նրանց առավել պատրաստ մուտքը դպրոց: Տարվա ընթացքում մարզային հինգ ավագ դպրոցների հիմնանորոգումը թևակոխեց ամփոփիչ փուլ՝ նշելով մեր պատրաստակամությունը՝ խթանել անվտանգ և ապահով միջավայրերում կրթական գործընթացի իրականացման հնարավորությունները: Ժամանակի ոգուն համահունչ՝ մշակվեցին և ներդրվեցին էլեկտրոնային կրթության զարգացման նոր գործիքներ և հնարավորություններ: Բուհական համակարգում մեր աշխատանքի արդյունքում ուսանողները, գիտնականներն ու դասախոսներն այսուհետ իրենց նորարարական գաղափարները կարող են իրագործել վերանորոգված, նորագույն սարքավորումներով և տեխնիկայով զինված կենտրոններում ու լաբորատորիաներում: Ակնկալում ենք, որ նոր տարին բոլորիս համար կլինի այս ստեղծված հնարավորությունների առավելագույնս արդյունավետ օգտագործման և նոր հնարավորությունների ընդլայնման տարի՝ նպաստելով կրթության ոլորտի շահառուների և մեր պետության զարգացմանը:
Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի ներուժ ունի, թող այդ մեկնարկը իրացվի բոլորիս համար՝ լինելով հաջող և խոստումնալից:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ