Նորություններ
80 նոր նախակրթարան ՀՀ մարզերում <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում
12.09.2017
Ինչպես երեխաների զարգացվածության, այնպես էլ ընդհանուր կրթական համակարգում նախակրթարանների դերն ու կարևորությունը փաստում են բոլոր մանկավարժները: Նախադպրոցական կրթությունը դրականորեն է ազդում տարրական կրթության որակի վրա. բարձրացնում է երեխայի ընկալունակությունը և նպաստում ուսումնական առաջընթացին: Նախադպրոցական կրթության հիմնական նպատակն է հիմք ստեղծել երեխայի ֆիզիկական, հոգեբանական և ինտելեկտուալ զարգացման համար՝ նրան նախապատրաստելով դպրոցին: Հայաստանում այսօր նախադպրոցական կրթության առաջնահերթ խնդիրներից մեկը դրա մատչելիության ապահովումն է: Այս նպատակն է հետապնդում <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ծրագիրը, որն ուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը, որն իրականացվում է այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով: Նախադպրոցական ծրագրերում հիմնականում ընդգրկվում են 4-ից մինչև 6 տարեկան երեխաները: Նշենք, որ դրամաշնորհային միջոցներով մեծամասամբ իրականացվում են հաստատության ծրագրի ներդրումային ծախսերը, որոնք նախատեսված են հաստատության կարողությունների հզորացման համար. տարածքի մասնակի նորոգում, բարեկարգում, կահավորմում, ուսուցողական նյութերի, գույքի, սարքավորումների ձեռքբերում և այլ անհրաժեշտ ծախսեր: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կողմից <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 10 մարզերում 2015թ-ից մինչ օրս ստեղծվել են 80 նախակրթարաններ, որոնցից 72-ը` դպրոցների հենքի վրա, 8-ը` նախադպրոցական ուսումնական հաստատությունների: Դրանցում ընդգրկված են 2300-ից ավելի երեխաներ:
Հավելենք, որ 2010-ից 2014թթ.-ը <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային ծրագրի շրջանակներում իրականացված միկրոծրագրերի արդյունքում Հայաստանի Հանրապետության 11 մարզերում ստեղծվել են 280 նախակրթարաններ: Դրանցից 202-ը գործում են դպրոցների հենքի վրա, 78-ը` նախադպրոցական ուսումնական հաստատությունների, որոնցում այս տարիների ընթացքում ընդգրկված են եղել մոտ 20000 երեխաներ: