Նորություններ
Մեկնարկել են <<Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի>> ստեղծման աշխատանքները
14.06.2017
Հունիսի 13-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵՊԿ դրամաշնորհային ծրագրի համակարգող, ԵՊԿ-ի Որակի ներքին ապահովման բաժնի ղեկավար Նարինե Ավետիսյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում հիմնվող ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Նա փաստեց, որ Երաժշտական ինովացիոն լաբորատորիայի առկայությունը կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման բարելավմանը:
Դրամաշնորհային ծրագրի համակարգողը ներկայացրեց, որ ԵՊԿ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ընթացքում է երաժշտական լաբորատորիայի ստեղծումը և դրա զինումը նորարարական փոփոխական ակուստիկ սարքավորումներով, համապատասխան երաժշտական գործիքներով և մասնագիտական համակարգչային ծրագրերով: Դա կնպաստի նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի արդիականացմանը՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման և «Երաժշտական կատարողական արվեստ» մագիստրոսական կրթական ծրագրի վերամշակման միջոցով: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2017 թվականի հունվարին, երբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի հավելյալ շրջափուլի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Ծրագրի մեկնարկից 6 ամիս անց, երկրորդ փուլի ավարտին ներկաները ամրագրեցին ԵՊԿ-ի կողմից առաջին քայլերն արված են: Լաբորատորիայի հիմնադրման ընթացքը սկսվել է տարածքի վերանորոգման աշխատանքներից: Մասնավորապես, ամփոփվում են լաբորատորիայի տարածքում փոփոխական ակուստիկ պանելների տեղադրման և համակարգող սենյակի ձայնամեկուսացման աշխատանքները: Նախատեսված կահույքն արդեն ձեռք է բերված, դրա տեղադրումը կիրականացվի վերանորոգման ավարտից հետո: Ընթացքում են լարային գործիքների, երաժշտական սարքավորումների, համապատասխան մասնագիտական ծրագրերով համալրված համակագչային սարքավորումների գնման գործընթացները: Բուհը մեկնարկել է նաև միջազգային խորհրդատուի ներգրավման աշխատանքները, ով պետք է աջակցություն ցուցաբերի նորարարական տեխնոլոգիաների՝ ուսումնական գործընթացում ներդրման տեսանկյունից:
Հավելենք, որ ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի ստեղծումը կնպաստի բուհի ուսանողների կիրառական կարողությունների և հմտությունների զարգացմանը և ընդլայնմանը: Լաբորատորիայում ուսանողները կկատարելագործեն ձայնարտաբերման տեխնիկան, կբարելավեն մասնագիտության վերջնարդյունքները, ինչն էլ կբարձրացնի ԵՊԿ-ի շրջանավարտների մրցունակությունը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ ԵՊԿ-ում ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի ստեղծումը կնպաստի նաև «Ստեղծագործություն» (կոմպոզիցիա) մասնագիտության նոր ժամանակակից առարկայական ծրագրերի մշակմանը, իսկ երաժշտագետների համար այն կբացի գիտահետազոտական ուսումնասիրությունների նոր դաշտ:




