Նորություններ

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ - ԵՊՀ արդյունավետ համագործակցությունը շարունակվում է

01.03.2017

     Երևանի պետական համալսարանի և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի համագործակցությունը մեկնարկել է 2013 թվականի սեպտեմբերի 5-ին, երբ <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում 10 բուհերի հետ կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր` նորարարական ծրագրերի իրականացման նպատակով:Նորարարական մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) փորձնական փուլի շրջանակներում, ԵՊՀ-ում դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվեց Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը, որն այսօր էլ արդյունավետորեն գործող կենտրոններից մեկն է բուհում: ԵՊՀ դրամաշնորհային ծրագիրը ՆՄՀ փորձնական փուլում իրականացվող 5 կոնսորցիում ծրագրերից մեկն էր և իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Գենտի համալսարանի <<Բույսերի կենսատեխնոլոգիայի ինստիտուտ>> աջակցության կենտրոնի և <<Saki & Sons>> ՓԲԸ-ի գործընկերությամբ: Դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ստեղծվեց համապատասխան գույքով ու սարքավորումներով հագեցված Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը: Կենտրոնի լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով: Դրանցից մեկը սկանավորող էլեկտրոնային մանրադիտակն է, որը թույլ է տալիս օբյեկտը խոշորացնել մինչև 100.000 անգամ, ինչպես նաև կատարել քիմիական տարրերի միկրոանալիզ: Կենտրոնը ձեռք է բերել նաև «FT-IR» սպեկտրոսկոպ, որի միջոցով իրականացվում են անհայտ միացությունների նույնականացում ինֆրակարմիր ճառագայթների տիրույթում: Ստեղծվել են նաև ԴՆԹ անջատման և ԴՆԹ հաջորդականության վերծանման լաբորատորիաներ, որոնցում իր կարևոր նշանակությունն ունի ԴՆԹ սեքվենավորման սարքը:
    Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի կարևոր բաղադրիչ էր նաև կրթական բովանդակության ստեղծումը: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է 2015-ին, բայց ծրագրի ավարտից հետո էլ Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը պատրաստում է միջազգային չափանիշներին համապատասխան մագիստրոսական ծրագրերով մասնագետներ «Կիրառական կենսաբանություն» և «Կենսահնագիտություն» ուղղություններով: Կրթական այդ ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունը մշակվել են <<Երևանի պետական համալսարանում կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ստեղծում>> դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Կենտրոնը համալրվել է նաև տպագիր և էլեկտրոնային արդի գրականությամբ: Այսօր էլ կենտրոնի գործունեությունը իրականացվում է ըստ 2015-2020 ռազմավարական ծրագրի և դրա ժամանակացույցի: Իրականացված աշխատանքների արդյունքում կենտրոնը համագործակցում է այնպիսի ազգային և միջազգային ինստիտուտների, համալսարանների, կենտրոնների, արտադրությունների հետ, ինչպիսիք են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը, «Սեմինա կոնսալտինգ», «Զորահ Վայնս» խորհրդատվական, խաղողագործական և գինեգործական ընկերությունները, Գերմանիայի Տյուբինգենի, Բելգիայի Գենտի, Իռլանդիայի Դուբլինի համալսարանները, Ավստրալիայի հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրության կենտրոնը, Մասաչուսեթսի համալսարանը և Հռոմի կենտրոնական «Լա Սապիենցա» համալսարանը: Կենտրոնում իրականացվում են ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտություններ: Այստեղ իրականացվում են նաև դիպլոմային, մագիստրոսական և թեկնածուական ատենախոսությունների շրջանակներում անհրաժեշտ փորձարարական աշխատանքներ: Այսօր էլ կենտրոնից ամսական օգտվում է միջինում 86 ուսանող: Կենտրոնում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների համար: Հարկ է նշել, որ ԵՊՀ-ն նորարարական ծրագրերի իրականացումը շարունակել է նաև ՆՄՀ հաջորդ փուլում, մասնավորապես՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, երբ 2015 թվականի դեկտեմբերին ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: ԵՊՀ-ում ընթացքում է <<Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի>> ստեղծումը, որը թույլ կտա ոչ միայն բարձր մակարդակով իրականացնելու ուսումնական ծրագրերն ու գործնական պարապմունքները, այլև ծավալելու ձեռնարկատիրական գործունեություն: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց արդեն ամփոփվել է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը, ավարտվել է կենտրոնի վերանորոգումն ու տեխնիկական զինումը, ձեռք են բերվել լաբորատոր սարքավորումները: Առաջիկայում նախատեսվում է այդ նորագույն մանրէաբանական սարքավորումների կիրառում մագիստրոսական ու ասպիրանտական գիտահետազոտական աշխատանքներում: Այս կենտրոնի ստեղծումը ևս կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիականացմանը, նոր մանրէաբանական տեխնոլոգիաների մասնավորապես՝ գարեջրի, կաթնամթերքի, գինու և այլ արտադրություններում մշակմանն ու ներդրմանը, օրգանական թափոններից կենսավառելիքի ստացման նոր տեխնոլոգիայի մշակմանը: Բուհն արդեն իսկ քննարկում է հնարավոր համագործակցության ծրագրեր տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ, առկա են նաև համագործակցության շուրջ նախնական համաձայնություններ: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների շարունակական համագործակցության արդյունքում ժամանակակից սարքավորումներով հագեցված այսպիսի կենտրոնները մոտ ապագայում որակի նոր չափանիշ կդառնան տվյալ բնագավառի համար:

 


 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...