Նորություններ
ԵՊՀ-ում ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը
16.12.2016
Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Կարեն Թռչունյանի ուղեկցությամբ եղան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող <<Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի>> ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց, դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաները ամրագրեցին, որ ձեռք բերված լաբորատոր սարքավորումների, նյութերի ու պարագաների մի մասն արդեն իսկ մատակարարվել է : Հիշեցնենք, որ կենտրոնի հիմնադրումը, վերանորոգումն ու տեխնիկական զինումը ավարտվել է դեռ դրամաշնորհային ծրագրի առաջին փուլում: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Լ. Սահակյանը ծրագրի համակարգող Կ.Թռչունյանի հետ համատեղ քննարկեց անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների շահագործման և քիմիական նյութերի կիրառության, գիտահետազոտական աշխատանքների հետագա սերտիֆիկացման հետ կապված մի շարք հարցեր: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նշեց նաև, որ մեկնարկել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները: Մասնավորապես, Կ. Թռչունյանի հավաստմամբ բուհն ներգրավված անհատ խորհրդատուի միջոցով իրականացրել է աշխատաշուկայի ներկայիս պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան, նորացված մագիստրոսական ծրագրի մշակում, որի վերջնարդյունքները համապատասխանեցվել են նաև Երևանի պետական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) հայեցակարգին: Առաջիկայում նախատեսվում է ձեռքբերված նորագույն մանրէաբանական սարքավորումների կիրառում և փորձարկում մագիստրոսական ու ասպիրանտական գիտահետազոտական աշխատանքներում: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ արտասահմանյան փորձի ուսումնասիրման և մանրէաբանական մագիստրոսական ծրագրերի մշակման և ներդրման նպատակով ծրագրի համատեքստում նոյեմբերի 7-14–ը իրականացվել է ուսումնական այց ԱՄՆ Բերկլիի համալսարան, Միացյալ կենսաէներգիայի ինստիտուտ և Սանդիայի ազգային լաբորատորիաներ:
ԵՊՀ երկու գիտաշխատողներ ծանոթացել են ԱՄՆ առաջատար կենտրոններում իրականացվող ուսումնական գործընթացին: Ուսումնական այցի արդյունքների ներկայացման, ձեռք բերված գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով առաջիկայում նախատեսվում է գիտաժողովի կազմակերպում, որը ևս կնպաստի դրամաշնորհային ծրագրի հետագա աշխատանքների արդյունավետ իրականացմանը: Հավելենք, որ <<Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի>> ստեղծումը կնպաստի գարեջրի, կաթնամթերքի, գինու և այլ արտադրություններում նոր մանրէաբանական տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը:








