Նորություններ
Նախակրթարանների բացում ՀՀ Տավուշի մարզում
03.11.2016
Նոյեմբերի 1-ին ՀՀ Տավուշի մարզի 6 համայնքների՝ Ակնաղբյուրի, Վազաշենի, Ծաղկավանի, Ոսկեպարի, Դովեղի և Ենոքավանի հիմնական և միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել նախակրթարանների բացում, որոնք ստեղծվել են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև կնքված դրամաշնորհային պայմանագրերով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոնում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին ՀՀ Տավուշի մարզի 6 ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեցին վերանորոգման աշխատանքները: Դրամաշնորհային պայմանագրերի կնքումից 4 ամիս անց միկրոծրագրերն արդեն կյանքի են կոչվել: Ըստ պայմանագրերի միկրոծրագրերի ընդհանուր արժեքի շուրջ 75 տոկոսը կազմում է դրամաշնորհի գումարը, իսկ մնացած 25 տոկոսը` համայնքի և ծնողական ներդրումները: Դրամաշնորհը նպաստում է կրթօջախների կարողությունների հզորացմանը և հիմնականում ներառում է տարածքի մասնակի նորոգման, բարեկարգման, կահավորման, ուսումնական և ուսուցողական նյութերի, գույքի, սարքավորումների ձեռքբերման և այլ ծախսերը: Հիշեցնենք , որ Տավուշի մարզի 6 համայնքներից 4 –ը՝ Վազաշեն, Ծաղկավան, Ոսկեպար և Դովեղ համայնքները, ընդգրկված են ՀՀ Կառավարության 28.12.2014թ. N 1444-ն որոշմամբ հաստատված ցանկում, ուստի տվյալ համայնքներում նախադպրոցական միկրոծրագրերն ամբողջապես իրականացվել են դրամաշնորհային միջոցներից: Նախակրթարանների բացմանը ներկա էին կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր:
ՀՀ Տավուշ մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով: Ակնաղբյուրի հիմնական դպրոցի տնօրեն Արտակ Արզումանյանի խոսքով, նախադպրոցական տարիքի երեխան հմուտ մասնագետների շնորհիվ նախակրթարանում կստանա անհրաժեշտ գիտելիքներ և կապահովվի նրա սահուն անցումը դպրոց: Տնօրենը կարևորեց դպրոցներում իրականացված ծրագրերի նշանակությունը սաների հետագա կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ հաճելի պայմանները բարձրացնում են ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը:
Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի <<Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի աշխատանքները ուղղված են Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված կրթական հաստատությունների կամ ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ է տալիս բարելավել կրթական ծառայությունների որակը: