Նորություններ

Աշխատաժողովը ամփոփեց աշխատանքը

26.09.2016

ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում ամփոփվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատաժողովը, որը մեկնարկել էր սեպտեմբերի 20-ին: Այն ուղղված էր կրթության բովանդակության վերանայմանն ու ժամանակի պահանջներին համապատասխանեցմանը: Աշխատաժողովի ամփոփմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոնի» /ԾԻԳ/-ի ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ուշադրության կենտրոնում «Կրթական ծրագրերի կենտրոնի» <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի կողմից ներկայացված Ազգային կրթակարգի նախագիծն էր, որը մշակվել է հանրակրթության պետական կրթակարգի և չափորոշչի վերանայման արդյունքում: Հիշեցնենք, որ Ազգային կրթակարգի նախագիծը ներառում է ՀՀ կրթության զարգացման տեսլականը, հանրակրթության առաքելությունը և նպատակները, կոմպետենցիաները, միջնակարգ դպրոցի շրջանավարտի նկարագիրը, սովորողներին ներկայացվող որակական պահանջներն ըստ հանրակրթության երեք աստիճանների, ինչպես նաև ուսուցման գործընթացի գնահատման համակարգը, առարկայական համալիր ծրագրերի մշակման սկզբունքները, կրթական միջավայրին և ռեսուրսներին ներկայացվող նոր պահանջները: Աշխատաժողովը վարում էր կրթության ոլորտի փորձագետ Նյու Յորքի ռազմավարական պլանավորման և ինստիտուցիոնալ հետազոտությունների Պրատտի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բրիլլերը: Փորձագետը ներկայացրեց իր դիտարկումները և առաջարկները Ազգային կրթակարգի նախագծի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում մասնագիտական խմբի կողմից նույնպես կատարվեցին Ազգային կրթակարգի նախագծի բարելավմանն ուղղված նոր առաջարկներ:Արդյունքում Ազգային կրթակարգի նախագծում կատարվեցին որոշ ճշգրտումներ և բարեփոխումներ: Կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերն ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը, մասնագիտական խումբը քննարկեց ավագ դպրոցում վերջին կիսամյակում ուսումնասիրվող առարկաների քանակի նվազման, ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև տարբեր կրթական հաստատություններում իրականացվող փորձարարական ծրագրերին առնչվող շատ հարցեր: Մինչ Ազգային կրթակարգի նախագծի վերջնական տարբերակի հաստատումը, այն կդրվի հանրային քննարկման: Նշենք, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է լրամշակվեն 9 ուսումնական բնագավառների բոլոր առարկայական չափորոշիչները և ծրագրերը, որոնք նախատեսվում է ներկայացնել մեկ փաստաթղթի՝ առարկայական համալիր ծրագրի տեսքով:  

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...