Նորություններ
Մեկնարկել են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները
01.09.2016
Օգոստոսի 25-ից մեկնարկել են ամենամյա օգոստոսյան մանկավարժական խորհրդակցությունները: Մայրաքաղաքում և մարզերում նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցութուններում քննարկվել են կրթության ոլորտում սպասվող փոփոխություններն ու առկա խնդիրները: Կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերն ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը, օգոստոսյան մանկավարժական խորհրդակցություններում քննարկվել են ավագ դպրոցում վերջին կիսամյակում ուսումնասիրվող առարկաների քանակի նվազման, ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները, տարբեր կրթական հաստատություններում իրականացվող փորձարարական ծրագրերին առնչվող շատ հարցեր: Ամենամյա օգոստոսյան մանկավարժական խորհրդակցություններում Կրթական ծրագրերի կենտրոնի <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչը ներկայացրել է ազգային կրթակարգի նախագիծը, որը մշակվել է հանրակրթության պետական կրթակարգի և չափորոշչի վերանայման արդյունքում: Հիշեցնենք, որ <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի նպատակն է` բարելավել կրթության որակը կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով և ապահովել սովորողների գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը` համաձայն արդի պահանջների: Ներկայումս աշխատանքային խմբի կողմից ավարտվել է հանրակրթության պետական կրթակարգի և չափորոշչի վերանայումը, արդյունքում մշակվել է ազգային կրթակարգի նախագիծը: Այն ներառում է ՀՀ կրթության զարգացման տեսլականը, հանրակրթության առաքելությունը և նպատակադրումները, կոմպետենցիաները որպես սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջներ և ուսումնառությունից ակնկալվող արդյունքներ, միջնակարգ դպրոցի շրջանավարտի նկարագիրը, սովորողներին ներկայացվող որակական պահանջներն ըստ հանրակրթության երեք աստիճանների, ինչպես նաև հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը ըստ աստիճանների և ուսումնական բնագավառների, հենքային և օրինակելի ուսումնական պլանները, սովորողների և ուսուցման գործընթացի գնահատման համակարգը, առարկայական համալիր ծրագրերը, կրթական միջավայրին և ռեսուրսներին ներկայացվող նոր պահանջները :
Նախագիծը առաջիկայում պետք է քննարկվի նախարարի հրամանով ստեղծված համակարգող հանձնաժողովի նիստում: Մինչ նախագծի վերջնական տարբերակի հաստատումը, այն կդրվի հանրային քննարկման` www.cfep.am, www.ktak.am, www.aniedu.am կայքերում: Նշենք, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է լրամշակվեն 9 ուսումնական բնագավառների բոլոր առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Հավելենք, որ <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրերը մեծապես նպաստում է ոչ միայն կրթության կառուցվածքային խնդիրների լուծմանը, այլև ուղղված է նաև կրթության բովանդակային խնդիրներին: Կրթության համակարգում ներկայում <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրով իրականացվում է հանրապետության մի շարք դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, իսկ <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի ընթացիկ աշխատանքները միտված են կրթության որակի բարձրացմանը և նպաստում են հիմնական և ավագ դպրոցներում բովանդակային խնդիրների լուծմանն ու որակյալ կրթության ապահովմանը: