Նորություններ
Աշխատանքային այց՝ Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում
24.08.2016
Օգոստոսի 16-ից 19-ը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները քառօրյա աշխատանքային այցով եղան մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներում: Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներում հիմնանորոգման ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումն էր: Օգոստոսի 16-ին և 17-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 և Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցներում, ինչպես նաև այցելեցին Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոցներ: Մայրաքաղաքի ավագ դպրոցներում տեղի ունեցան համատեղ քննարկումներ նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման իրականացման հետ կապված առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Օգոստոսի 18-ին և 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները այցելեցին ՀՀ մարզեր: Տեղի ունեցան հանդիպումներ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան, Արթիկի թիվ 3 ավագ դպրոցներում, ինչպես նաև ընթացիկ շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան Գյումրու Ակադեմիական վարժարանում և Արտաշատի ավագ դպրոցում: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ներկաները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, ձևաչափին, քննարկեցին մի շարք նախագծային և շինարարական աշխատանքներին առնչվող հարցեր, հստակեցվեց շահագործման եւ պահպանման համար իրականացվող անհրաժեշտ գործառույթների ցանկը:, Այդ գործառույթների մի մասն արդեն իսկ իրականացման փուլում է: Հիշեցնենք, որ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականին: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թվով 17 ավագ դպրոցի և Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի շենքերի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ վերանորոգման աշխատանքները կիրականացվեն համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների, անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև ամրապնդման աշխատանքներ: Նշենք նաև, որ 17 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳ նախարարության մշակված չափանիշների: Այցի ընթացքում քննարկվեցին ճարտարապետական և շինարարական տարատեսակ մոտեցումներ: Քննարկվեց նաև «Կրթության բարելավում» ծրագրից դուրս մնացած և չվերանորոգվող ենթակառուցվածքների հետագա շահագործմանն առնչվող հարցեր: Ներկաները հուսով էին, որ նման քննարկումների և աշխատանքային այցերի միջոցով հնարավոր է կանխարգելել շատ խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ շինարարության փուլում: