Նորություններ
Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով
13.07.2016
Հուլիսի 13-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են կատարել Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ): Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Բայկովի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող ՙՍտոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի՚ ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Ծրագրի համակարգողը ներկայացրեց, որ ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն՝ հագեցած գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով և ծախսանյութերի պաշարով: Կենտրոնի հիմնումը կնպաստի ստոմատոլոգիական բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի ներդրմանը: Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Երկրորդ փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ավարտվել է կենտրոնի համար նախատեսված տարածքի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքների նախագծումը, ձեռք է բերված անհրաժեշտ կահույքը և համակարգչային տեխնիկան: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ընթացքում է ստոմատոլոգիական վարժասարքերի և ծախսանյութերի ձեռքբերման գործընթացը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կոնսորցիումն ունի երեք մասնակից, որոնցից մեկը Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիա հասարակական կազմակերպությունն է, մյուս երկուսը՝ ոլորտում գործող ստոմատոլոգիական կլինիկաներ: Բուհն իրականացրել է նաև աշխատաշուկայի ներկայիս պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան ստոմատոլոգիական մասնագիտության կրթական ծրագրի մշակման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների կազմում, մշակում ու տպագրում: Հիշեցնենք, որ 2015 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանում գործում է ՙԳործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը՚, որը ստեղծվել է«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում ստացված ՆՄՀ դրամաշնորհով: