Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ

19.09.2022

 Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը ստորև տրվող իրավասության պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ այս շրջափուլով բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից 31.08.2022 թիվ 1557-Ա/2 հրամանով հաստատված ՆՄՀ Ղեկավար ձեռնարկով:

ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:

ՆՄՀ նոր շրջափուլի համար հաստատված գերակա ուղղությունները հետևյալն են.
ԲՏՃՄ՝ հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական, մաթեմատիկական (STEM - science, technology, engineering and mathematics):
Ծրագրերի գիտություն-կրթություն-բիզնես եռանկյունու տրամաբանության մեջ ներկայացված լինելը կդիտվի որպես հայտի առավելություն:

ՆՄՀ-ի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի տեսակներն են.
• Կոնսորցիումային ծրագրեր, որոնք կնպաստեն սերտ համագործակցությանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, որոնք կարող են լինել ինչպես տեղական կազմակերպություններ, այնպես էլ օտարերկրյա: Կոնսորցիումը պետք է բաղկացած լինի առնվազն մեկ բուհից և մեկ գործարար ոլորտի և/կամ գիտահետազոտական ընկերությունից: Կոնսորցիումային ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 500 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:
• Պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են առանձին պետական բուհերի, այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը` ռազմավարական զարգացման առաջնահերթությունների և կրթական ոլորտում նորարար լուծումների հիման վրա: Այս տիպի դրամաշնորհային ծրագրերը հասցեագրված են նաև մայրաքաղաքի և մարզային բուհերի միջև առկա մասնատվածության/անհամաչափ զարգացման խնդիրների լուծմանը: Տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ի դրամաշնորհային ծրագրում ընդգրկելը (եթե այդպիսիք կան), կդիտվի որպես առավելություն դրամաշնորհային ծրագրերի գնահատման ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհի մասնաճյուղը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, բուհի մասնաճյուղը չի կարող առանձին հայտ ներկայացնել: Տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:
• Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են ոչ պետական բուհերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը և նորարար ծրագրերի իրականացմանը: Փոքր բուհերի կոնսոլիդացիային նպաստելու և բուհերի միջև համագործակցությունը խթանելու նպատակով` ոչ պետական բուհերը խրախուսվում են ներկայացնել համատեղ ծրագրեր: Տրամադրվող դրամաշնորհի գումարը առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:
Դրամաշնորհային բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 24 ամսվա ընթացքում: Ներկայացվող բոլոր ծրագրերի համար պարտադիր է հաստատության կողմից անհատական ծրագրերի համար առնվազն 15 տոկոս և կոնսորցիումային ծրագրերի համար 20 տոկոս համաֆինանսավորումը:
ՆՄՀ նոր շրջափուլին հայտ ներկայացնելու համար բուհերը պետք է բավարարեն հետևյալ իրավասության չափանիշներին.
• ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրման առկայություն,
• հաստատված ռազմավարական ծրագրի (և/կամ բիզնես պլանի` կոնսորցիումի մասնակից համապատասխան կազմակերպությունների համար) առկայություն, առնվազն ներկայացվող ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի տևողության համար, ինչը կերաշխավորի, որ դրամաշնորհային հայտում ներկայացված առաջնահերթություններն ու նպատակները համահունչ են ռազմավարական առաջնահերթություններին,
• ՆՄՀ դրամաշնորհառու հանդիսացած բուհերի համար՝ ՆՄՀ իրականացված դրամաշնորհային ծրագրի համար աուդիտի չփոփոխված եզրակացություն,
• ՆՄՀ դրամաշնորհառու չհանդիսացած բուհերի համար՝ ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման բավարար արդյունքներ` ներկայացված հայտի փաստաթղթերի փաթեթում - ՆՄՀ դրամաշնորհային հայտում հիմնական հայտատու նշվող բուհերը հայտերի պատրաստման փուլում պետք է անցնեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքների նկարագիրը հասանելի է ստորև: Ստուգումը պետք է իրականացվի ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ընդունելի աուդիտորների կողմից, որոնց ցանկը նույնպես ներառված է ստուգման աշխատանքների նկարագրում: Բուհերը հայտի պատրաստման ընթացքում պատասխանատու են տվյալ ցանկից որևէ ընկերությանը դիմելու, վերջինիս կողմից նշված ստուգումը անցկացնելու և արդյունքներն ըստ պատշաճի ստանալու համար: Այն բուհերի հայտերը, որոնք ստուգման արդյունքներով կստանան կատեգորիա Ա կամ Բ խմբի խնդիրներ և թերություններ արձանագրող հաշվետվություն, կդիտվեն իբրև ոչ իրավասու: Կատեգորիա Գ խմբի խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենա բուհի` հայտ ներկայացնելու իրավասության վրա, սակայն գնահատման ընթացքում տվյալ բուհը կխրախուսվի ուղղել/կարգավորել հայտնաբերված խնդիրները:
• ՆՄՀ նոր շրջափուլի դրամաշնորհային հայտերի գնահատման համար առանցքային է լինելու այն, որ ժամանակի մարտահրավերներին համապատասխան ծրագրային հայտերը պետք է ուղղված լինեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականության աջակցելուն, ինչպես նաև գենդերային հավասարակշռվածության և ներկայացվածության բարելավելուն՝ ձեռնարկելով քայլեր իգական սեռի ուսանողների ընդգրկվածության և պրոֆեսորադասախոսական կազմում վերջիններիս ներգրավվածության ուղղությամբ:

ՆՄՀ-ին դիմելու համար դրամաշնորհային հայտի ձևը, ՆՄՀ Ղեկավար ձեռնարկը՝ կից բոլոր հավելվածներով  (առդիր 1, առդիր 2առդիր 4 /առդիր 2-ի հավելվածներ/ հավելված 1հավելված 2-10, հավելված 5, հավելված 11, հավելված 12), ինչպես նաև բուհերի ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքային նկարագիրը, դրամաշնորհային ծրագրերի ընթացքում բողոքների կարգավորման մեխանիզմը և դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տրված են կցված փաստաթղթերում:

Դրամաշնորհային հայտ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 21-ը։
Տվյալ ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ, հասցե՝ ք. Երևան, Ս. Վրացյան 73, կամ զանգահարել (010) 57-56-90, ներքին (52),(53),(54) հեռախոսահամարներով:

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...