Նորություններ

ԵՊՀ նոր կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով

27.02.2018


Փետրվարի 27-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի պաշտոնական բացումը: <<Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը >> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Կենտրոնի ստեղծման պատմությունը սկսվել է 2015 թ.-ի դեկտեմբերից, երբ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում մեկնարկել էր «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի իրականացումը, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում:
Կենտրոնի բացման արարողության սկզբում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանն ուրախությամբ շեշտեց, որ ֆակուլտետում սա արդեն երկրորդ նորարարական կենտրոնն է՝ ՆՄՀ դրամաշնորհով. «Համոզված եմ, որ այս կենտրոնում երիտասարդ կադրերն իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում ավելի էական արդյունքներ կգրանցեն, ինչն էլ կնպաստի մեր ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը»,- հավելեց դեկանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ այս կենտրոնի բացումը համալսարանի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է: Կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել մանրաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ շատ կարևոր է նմանօրինակ ծրագրերի իրականացումը, որոնք ապահովում են նորարարական մտքի համար անհրաժեշտ զինանոցի առկայությունը Հայաստանում: Նա փաստեց. «Oրեր առաջ մենք ականատես եղանք նմանօրինակ նորարարական ծրագրի իրականացմանը նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում», ինչը փաստում է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների շարունակական համագործակցության մասին:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի խոսքով կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է: Նա փաստեց, որ «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրն իրականացավ գործընկերների շնորհիվ. «Մեր համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում ստեղծվել է մի կենտրոն, որը պետք է ապահովի կրթության, գիտության և արտադրության կապը»:
Դրամաշնորհային ծրագրի համակարգող Կարեն Թռչունյանը նշեց, որ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գերժամանակակից նորագույն սարքավորումներով (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգով, որոնք եզակի են ողջ արևելյան Եվրոպայում:
«Կենտրոնն արդեն հյուրընկալել է մեծ թվով գիտնականների, կենտրոնի կողմից ներդրվել է երկու առարկայական ծրագիր, ինչպես նաև մշակվել է մագիստրոսական ծրագիր, որը կգործի նոր ուսումնական տարվանից»,- հավելեց դրամաշնորհային ծրագրի համակարգողը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո, հյուրերը եղան նորաբաց <<Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում>>, շրջեցին լաբորատորիայում, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին:


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...