Նորություններ
ՀՀ պետական կառավարման ակադեմիան ամփոփում է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացումը
20.12.2017

2017 թվականի դեկտեմբերին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի առաջին շրջափուլի շրջանակներում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող չորս բուհեր՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ավարտում են երկու տարի առաջ մեկնարկած նորարարական ծրագրերի իրականացումը: Այս առիթով չորս բուհերն էլ ավարտական մշտադիտարկման փուլում են: Դեկտեմբերի 19-ին մշտադիտարկման ամփոփիչ այց իրականացվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիա ( ՀՀ ՊԿԱ)՝ <<Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ>> դրամաշնորհային ծրագրի ավարտն ամրագրելու նպատակով: Դրամաշնորհի շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռնամուխ էին եղել «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի ստեղծմանը: Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ տեղի ունեցավ դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի վերաբերյալ անդրադարձը հասանելի է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում: Ավարտական մշտադիտարկման այցի շրջանակներում ՀՀ ՊԿԱ-ում ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում ներկաները ամփոփեցին կատարված աշխատանքը:<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աջակցության և երկու բուհերի արդյունավետ համագործակցության արդյունքում դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են և ստեղծվել է արդիական հեռավար մագիստրոսական ծրագիր: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները քայլ առ քայլ՝ տեխնիկական վերազինում, հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակում, հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրություն ու վերապատրաստում, մագիստրոսական ծրագրի 26 առարկաների ուղղությամբ հեռավար դասընթացների կառուցում, համատեղ դիպլոմի ձևաչափի մշակում և այլն:
Նա կարևորեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում երկու կրթօջախների միջև համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի համաձայնագրի ստորագրումը և «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի եզրափակիչ համաժողովի կազմակերպումը:
Պրոռեկտորը նշեց , որ սույն դրամաշնորհային ծրագրի շնորհիվ ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դարձան առաջին բուհերը Հայաստանում, որոնց ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվեց հեռավար կրթության իրականացման իրավունք երեք տարի ժամկետով: Հիշեցնենք, որ «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրով իրականացված կարևորագույն բաղադրիչը 2016թ-ի. հունիսի 23-ին կոնսորցիումի մասնակից երկու բուհերի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև հեռավար կրթության զարգացման հուշագրի կնքումն էր, որն ուղղված է ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանն ու ինտեգրմանը, և հեռավար ուսուցմանը համահունչ և հեռավար կրթության իրականացումը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մշակմանն ու հաստատմանը:
Նշենք նաև, որ դրամաշնորհային ծրագրի համատեքստում հրատարակվել է <<Հեռավար ուսուցման կազմակերպումն ու իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածուն>>, որն ամփոփում է դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը: ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Սիրանույշ Դրմեյանը փաստեց, որ մշակված փաստաթղթերը խիստ կարևոր են բարձրագույն կրթության ոլորտի այլ մասնակիցների համար ևս՝ հեռավար ուսուցման զարգացման ուղենիշ հանդիսանալու տեսանկյունից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց արդեն իսկ ընթացքում գտնվող հեռավար կրթության ուսումնական գործընթացի առանձնահատկությունները: Հատկանշական է, որ Գործարար վարչարարություն հեռավար մագիստրոսական ծրագրով ներկայումս ուսումնառում են 15 ուսանողներ, որոնցից ութը՝ մարզերից: Սա արդեն իսկ խոսուն փաստ է հեռավար կրթության մոտեցման կիրառության միջոցով բարձրագույն կրթության հասանելիության ապահովման տեսանկյունից: Հեռավար ձևաչափով դասընթացի մշակման և այնուհետ դասավանդման առանձնահատկությունները ներկայացրեց ՀՀ ՊԿԱ դասախոսներից տիկին Ա. Ղուշչյանը, որը խոսեց թե ընթացքում առաջ եկած դժվարությունների, թե դրանց կարգավորման կիրառված եղանակների մասին: Ընդ որում, նշելով այն,որ հեռավար ձևաչափով կրթության ստացումը առավել աշխատատար է թե՛ ուսանողի, թե՛ դասախոսի համար, ծրագրի մասնակիցները նաև ընդգծում էին, որ այդ երկուստեք աշխատատարությունը կարող է ի նպաստ լինել կրթության որակի բարձրացման տեսանկյունից:
Ա. Հարությունյանը ներկայացրեց ծրագրի ընձեռած նույնականացման հնարավորությունը, որի նպատակը ուսանողների տվյալների ճշմարտացիությունը հաստատելն է:
Հանդիպման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արշակ Ղազարյանը փորձարկեց հեռավար ուսուցման հարթակի հնարավորությունները՝ ծանոթանալով ստեղծված բովանդակությանն ու տեխնիկական ընթացակարգերին: ԾԻԳ-ի խորհրդատուն մուտք գործեց վիրտուալ լսարաններ, քննարկեց հարթակի տեղադրման և գործարկման, դրա տեղեկատվական բազայի օգտագործման առանձնահատկություններին, հեռավար դասընթացների կառուցմանն ու առցանց հաղորդակցման կանոններին առնչվող մի շարք հարցեր դրամաշնորհային ծրագրի տեխնիկական սպասարկման գծով խորհրդատուների և այլ մասնակիցների հետ:
Նշենք, որ հեռավար ձևաչափը գնալով ավելի լայն տարածում է ստանում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում, ինչի վկայությունը միայն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում այս ուղղության վրա հիմնված ևս երկու ծրագրերի իրականացումն է՝ Շիրակի պետական համալսարանի և Հյուսիսային համալսարանի կողմից: Ուստի հեռավար կրթության ոլորտում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի փորձառությունը ուսանելի է ոչ միայն մասնակից բուհերի, այլև այս ուղղությամբ քայլեր անող մնացյալ բուհերի համար: Հաշվի առնելով նաև այս հանգամանքը՝ ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից վերոնշյալ ծրագրի իրականացման ընթացքում փորձ է արվել ապահովել փոխադարձ ուսուցման հնարավորությունները՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից հեռավար կրթությանը առնչվող սեմինարներին ապահովելով նաև այլ բուհերի մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև վերջիններիս տրամադրելով ծրագրի շրջանակներում մշակված նորմատիվային փաստաթղթերը: Իրականացված ծրագիրը նպաստել է նաև հեռավար կրթության ոլորտում փորձագիտական ներուժի ձևավորմանը՝ ի դեմս հեռավար կրթության ոլորտում արտերկրի հեղինակավոր համալսարաններում վերապատրաստված և հեռավար կրթության ծրագրի իրականացման զգալի փորձառություն կուտակած դրամաշնորհային ծրագրի մասնակիցների: