Նորություններ

ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան

18.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն­նե­րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին:

«ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ համակարգմամբ: Ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա:

Ծրագրի ամփոփիչ գիտաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել ծրագրի հաջող իրականացման առթիվ. «Բուհը երկար ճանապարհ է անցել այս կարճ ժամանակահատվածում և նշանակալի արդյունքներ գրանցել: Համատեղ ջանքերով բուհում ձևավորվել է որակյալ կրթություն ստանալու միանգամայն նոր միջավայր, որը կրթությունը հետազոտությանը և գիտությանը փոխկապակցելու արդյունավետ գործիք է: Ստեղծված պայմանները նաև գիտությունը զարգացնելու ճանապարհ են բացել այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին ուղեղի հետազոտություններն են: Գիտության և բարձրագույն կրթության փոխկապակցումը կրթության ռազմավարության առանձնահատուկ շեշտադրումն է, և սա առաջիկա տարիների կարևոր անելիքներից է: ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ, որտեղ չկա կրթություն՝ առանց գիտության և հետազոտության»:

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ սա շրջանավարտների մրցունակության և առաջխաղացման ամենակարևոր նախապայմաններից է: Նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագիրը կարևոր է նաև Բժշկական համալսարանի միջազգայնացման և վարկանիշի բարձրացման առումով: «Միջազգային գործընկերների շրջանակը, որը զարգացել և խորացել է ծրագրի շնորհիվ, վստահ եմ՝ առաջ է տանելու բուհին միջազգայնացման ճանապարհով, ինչպես նաև բացվելու են նոր հնարավորություններ երկրի զարգացման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերը նոր արդյունքներ են ապահովելու՝ ի շահ ՀՀ-ում կրթության և գիտության որակի բարելավման:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագիրն իրականացվել է եվրոպական առաջատար մասնագետների և համալսարանների հետ համագործակցությամբ: «Ծրագիրը պահանջված է Հայաստանում. այն թույլ տվեց իրականացնել աշխարհի համար հասկանալի թվայնացած գիտության ձևաչափը Բժշկական համալսարանի ուսանողների, շրջանավարտների համար: Մեզ համար խիստ կարևոր է, որպեսզի եվրոպական առաջատար երկրներում պարզ և տեսանելի լինի, թե ինչով է զբաղվում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը», - ասել է Արմեն Մուրադյանը` կարևորելով, որ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅն» կենտրոնում ապագա բժիշկները հնարավորություն ունեն կատարելու ուղեղի հետազոտություններ՝ արդիական խնդիրների ուղղությամբ: Ռեկտորը` որպես առանձնակի հաջողություն, մատնանշել է, որ ծրագրի ակունքներում կանգնած են խոշոր գիտնականներ, ԵՊԲՀ շրջանավարտներ, որոնք կարողացել են նպաստել բուհի հետագա գիտական առաջընթացին:

«Միասնական ջանքերի շնորհիվ կարողացանք երկարաժամկետ վերապատրաստումների ծրագիր իրականացնել։ Քովիդից առաջ սա եզակի նախագծերից էր, որին մենք հասցրինք մասնակցել և ներգրավվել մեծածավալ աշխատանքներում։ Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ Հայաստանը, իսկապես, ունի գիտական ուսումնասիրությունների միջազգային կենտրոն դառնալու ներուժ», - ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող և ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը հակիրճ ներկայացրել է «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները` մասնավորապես շեշտադրելով հետազոտողների նոր սերնդի և կարիերայի հնարավորությունների ընդլայնման հեռանկարները։

Գիտաժողովի բացման արարողությունից հետո ԵՊԲՀ ռեկտորի, արտերկրի հյուրերի, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել կենտրոնում` ծանոթանալով վերջինիս գործունեությանը և իրականացվող աշխատանքներին:

Նշենք, որ սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ, ինչպես նաև միավորելով մի շարք այլ դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագիրը նպաստել է նեյրոգիտության հետազոտությունների նոր կենտրոնի հիմնադրմանը:

Կենտրոնը նշված 2 խոշոր դրամաշնորհային ծրագրի անվանակիրն է՝ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն: Նոր ենթակառուցվածքի գործարկման նպատակով գործընկեր համալսարանների փորձի հիման վրա մշակվել և հաստատվել են նորաստեղծ կենտրոնի գործունեությունը կարգավորող կանոնակարգային փաստաթղթեր, ուղեցույցներ, աշխատակարգեր և այլն:

Հիշեցնենք, որ ԵՄ մրցույթին ներկայացված «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» նախագիծը միջազգային փորձագետների կողմից ստացել է հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը:

Նախագիծը հիմք է հանդիսացել Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար:

Մայիսի 17-ին «Նեյրոգիտության շաբաթ» միջոցառումների շարքը կշարունակվի Հ. Բունիաթյանի հիշատակին նվիրված «Նյարդային համակարգի կենսաքիմիա» գիտաժողովով: Համատեղ ծրագրերի խթանման նպատակով նույն օրը նախատեսվում է “Networking Neurotalks” զեկուցումների շարք, որի ընթացքում նեյրոգիտության ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտական խմբերը կամ անհատները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները և հանդես գալ համագործակցության առաջարկներով:

Մայիսի 18-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի 29-րդ ISBS միջազգային տարեկան գիտաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի մայիսի 19-ին Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում «Հոգեֆիզիոլոգիա» թեմայով սիմպոզիումի շրջանակում:

Նեյրոգիտության շաբաթվա միջոցառումներին զուգահեռ ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է «Ուղեղի գեղեցկությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել արվեստի ու նեյրոգիտության կապի մասին երիտասարդ հետազոտողների և ուսանողների պատկերացումները: Աղբյուրը`https://escs.am/am/news/16517

Նորություններ

12.09.2024 Արմավիրի մարզում ամփոփվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումները Արմավիրի մարզում հունիսի 29-ից «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ մեկնարկել էր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 550... 10.09.2024 Նոր նախակրթարաններ ՝ ՀՀ մարզերում Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի... 10.09.2024 9 Նոր նախակրթարան է բացվել Երևանում Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 9 նոր նախակրթարաններ՝ Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151, Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 , Պ.Սևակի անվան թիվ 123, թիվ 167, թիվ 98, թիվ 99, թիվ 110, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 և Մ.Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցներում։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում դպրոցներում կատարվել են...