Նորություններ
Մոնիտորինգային այց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում
17.01.2024

Հունվարի 16-ին աշխատանքային այցով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Կ. Ենկոյանը և ծրագրի համակարգող Ս. Քոչարյանը ներկայացրին ՆՄՀ շրջանակներում հիմնվող Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծման ընթացիկ աշխատանքները:
Լաբորատորիայի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա է ստեղծվում, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները, հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը՝ համալրելով այն զգայական ներգրավվածությամբ: Լաբորատորիան օժտված կլինի գլխուղեղի բջիջների ստատիկ և դինամիկ «5D» պատկերման, դեղի, բջջի կամ ներմուծված այլ մասնիկի «առաքումը» գլխուղեղ վիզուալիզացնելու հնարավորությամբ: Լաբորատորիայի ստեղծումը կնպաստի գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, ուսանողների և ասպիրանտների համար նոր գիտակրթական ծրագրերի ներդրմանը:
ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում նախատեսվում է ստեղծել լաբորատորիա, որը կվիզուալիզացնի ուղեղի և, մասնավորապես, այն կազմավորող հիմնական էլեմենտների՝ նեյրոնների, դրանց ելուստների, նյարդային բջիջների շրջակա միջավայրը կազմող և դրանց գործունեությանը նպաստող գլիայի բջիջների կառուցվածքը նորմայում և ախտաբանության մեջ:
«Ստեղծվելիք լաբորատորիայի ընձեռած տեխնոլոգիական առավելությունն այն է, որ այստեղ վիզուալիզացվելու է դեղի, բջջի կամ ներմուծված այլ մասնիկի «առաքումը» գլխուղեղ իրական ժամանակում կենդանի օրգանիզմում: Գլխուղեղը օրգանիզմից տարանջատված է արյուն-ուղեղային պատնեշով, իսկ փորձարկվող դեղերի «ձախողումը» հիմնականում պայմանավորված է նրանով, որ դրանք չեն անցնում պատնեշով կամ անհասկանալի է մնում, թե արդյոք դրանք տեղ հասնում են, թե ոչ: Այսպիսի հնարավորություններով օժտված լաբորատորիայի ստեղծումը կնպաստի ոլորտի թիրախային հետազոտությունների իրականացմանը››, - հավելեց պրոռեկտորը:
Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի և բուհի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:
Ներկաներն ամրագրեցին, որ կենտրոնի համար նախատեսված տարածքի ընտրությունն ամփոփման փուլում է և վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ընթացքում է դրամաշնորհային ծրագրով նախատեսված համակարգչային և հարակից տեխնիկայի, լրացված և վիրտուալ իրականության սարքավորումների, լաբորատոր սարքավորումների ձեռքբերման աշխատանքները: ԵՊԲՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակներում իրականացվել է գործուղում Շվեյցարիայի մի քանի համալսարանների նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Այցի համատեքստում պրոֆեսոր Կ. Ենկոյանը եղել է Ցյուրիխի համալսարանի մանրադիտակի և պատկերի վերլուծության կենտրոնում, Բազելի համալսարանի Բիոկենտրոնում, Բեռնի համալսարանի մանրադիտակային պատկերավորման կենտրոնում և Ժնևի Ուիս ինովացիոն կենտրոնում:
Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն նշեցին, որ դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները պետք է լինեն շարունակական, հնարավորիս մատչելի, առավել մանրամասն պետք է ներկայացնել դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, և այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, ինչպես նաև հետազոտական, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանում գործում է ‹‹Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը››, 2018 թվականից՝ ‹‹Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը››, 2021 թվականից՝ «ՔՈԲՐԵՅՆ Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը››, որոնք ևս ստեղծվել են ՆՄՀ դրամաշնորհներով: