Նորություններ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության բարեփոխումները և հետագա համագործակցությունը

08.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ հաջող համագործակցություն է առկա՝ թե՛ ընթացիկ, թե՛ քննարկվող ծրագրերի առումով:

«Վստահ եմ՝ համագործակցության հնարավորությունները միայն ընդլայնվում են՝ հաշվի առնելով, որ անցած տարի հաստատվել է «Կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը», որի գործողությունների պլանի իրագործումը նաև ՀԲ-ի հետ համագործակցությամբ է ապահովվելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին՝ կրթական բոլոր բարեփոխումների ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Նախարարի խոսքով՝ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությամբ է մշակվել և ներդրվել Հանրակրթության պետական չափորոշիչը. «Մեր բոլոր կարևորագույն բարեփոխումներն իրականացվել են ՀԲ աջակցությամբ, խորհրդատվությամբ և համատեղ աշխատանքով»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը: Համաշխարհային Բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդան բարձր է գնահատել Հայաստանի՝ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կամքը: «Մարդկային կապիտալի զարգացումը Համաշխարհային բանկի առաջնահերթություններից է, և Հայաստանն այս առումով շատ կարևոր գործընկեր է մեզ համար: Վստահ ենք՝ կրթական ոլորտի բարեփոխումներն ուղղակիորեն կնպաստեն երկրի ընդհանուր զարգացմանը»,- ասել է Ռիտա Ալմեյդան՝ վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցության և օժանդակության տրամադրման հարցում: Նա բարձր է գնահատել հատկապես ԲՏՃՄ ուղղություններով մեր երկրում իրականացված կրթական բարեփոխումները՝ ընդգծելով, որ Հայաստանն այս առումով օրինակ կարող է ծառայել մի շարք երկրների համար. «Կրթության ոլորտի բարեփոխումների, հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ու ներդրման համատեքստում Հայաստանի ներդրած ջանքերը շատ գնահատելի են, իսկ արդյունքները՝ բավականին տպավորիչ»: Ռիտա Ալմեյդան տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքները կհրապարակվեն 2024 թվականին: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերի իրականացման ընթացքին: Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր՝ կապված ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունների հետ: Աղբյուրը՝ https://escs.am/am/news/19598

 

Նորություններ

22.07.2026 Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ «Կրթության որակի ապահովում» ծրագրի «ՀՀ պետական դպրոցների ԲՏՃՄ լաբորատորիաներով ապահովում» միջոցառումների շրջանակներում: ԲՏՃՄ լաբորատորիաները դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական... 15.07.2026 ՀՀ Արարատի մարզում ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շարունակում են համալրվել ԲՏՃՄ և ՏՀՏ ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով.ինչպես նաև ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը:Նշենք, որ հունիս հուլիս ամիսներին վերապատրաստումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 ավագ դպրոցում, Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, Մասիսի ավագ դպրոցում և Ավշարի միջնակարգ դպրոցում: Նշենք , որ ծրագրի... 10.07.2026 «Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստվում են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչներ Կրթության որակի բարձրացման կարևորագույն միջոցներից մեկը ուսուցիչների մասնագիտական զարգացումն է, որը խթանում է ուսուցման գործընթացի արդյունավետությունը։ Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ ըստ ծրագրերի և միջոցառումների «Կրթության որակի ապահովում» ծրագիրը ներառում է ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ապահովել հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժների մասնագիտական աճը։ Վերապատրաստման ծրագրերից մեկը ուղղված է «ՀՀ...