Նորություններ

ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված նորարարական կենտրոնները ներկայացան ԴիջիԹեք -2022-ին

31.03.2023

Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «ԴիջիԹեք-2022» ցուցահանդեսը, որին ներկայացուցչական տաղավարով մասնակցում էին տեղական ու միջազգային, փորձառու և սկսնակ բազմաթիվ կազմակերպություններ, բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ: Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանում և արտերկրում գործող կրթօջախները տարբեր տաղավարներով ներկայացնում էին իրենց կրթական ծրագրերը:
Մարտի 10-12-ն անցկացվող ցուցահանդեսի նպատակն էր ցույց տալ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը:
Ցուցահանդեսին մասնակցում էին նաև ԵՊՀ կենսաբանության, մաթեմատիկայի և մեխանիկայի, քիմիայի, ֆակուլտետները, ֆարմացիայի ինստիտուտը՝ ներկայացնելով նշյալ ոլորտում իրենց գրանցած վերջին նվաճումները։
«Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրի տաղավարում համալսարանականները մի շարք այլ ծրագրերի կողքին ներկայացնում էին «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը» և ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում գործող «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը»:
Մասնակիցները ցուցահանդեսի շրջանակում կատարեցին տարատեսակ գիտափորձեր, պատասխանեցին ներկաների հարցերին: ԵՊՀ տաղավարում մանրամասն ներկայացվեց և` «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն»-ը և`«Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական լաբորատորիան» : Նշենք, որ այս ենթակառուցվածքները ստեղծվել են ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` իրականացվող Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով` Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Ներկայացվեցին դրամաշնորհային ծրագրերի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները: Համալսարանականների հավաստմամբ այս ենթակառուցվածքները մասնագետներին հնարավորություն են տալիս որակյալ գիտափորձեր անել և արդյունքներ ստանալ, դրանք բիզնեսն ու գիտական ներուժը կապող օղակն են:
Այսպիսով, ՆՄՀ դրամաշնորհով ՀՀ բուհերում ստեղծված բազմաթիվ ենթակառուցվածքներում այսօր ոչ միայն իրականացվում են գիտահետազոտական, նորարարական ծրագրեր, այլև ակտիվորեն իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ: Այս ենթակառուցվածքների ստեղծումը և նման արդիական սարքավորումների առկայությունը բուհերում նպաստում են գիտահետազոտական նոր ուղղությունների խթանմանն ու ձևավորմանը, գործարար ոլորտի հետ փոխշահավետ համագործակցային կապերի սերտացմանը և պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը:

 

Նորություններ

01.09.2026 Շնորհավո՛ ր Գիտելիքի և դպրության օր   Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով նոր ուսումնական տարվա արդյունավետ, ստեղծագործ և հաջողություններով լի մեկնարկ։ Սեպտեմբերի 1-ը կրթության կարևորությունն արժևորելու, նոր նպատակներ սահմանելու և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերահաստատելու խորհրդանշական օրն է։ Կրթության զարգացումը մեր երկրի կայուն և երկարաժամկետ առաջընթացի... 28.08.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակի բարելավման և ուսումնական գործընթացում ժամանակակից լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստումները շարունակվում են նաև ՀՀ Տավուշի մարզում։ Վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով գործնական միջավայրում ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Օգոստոսի 17-24-ը վերապատրաստումներ են իրականացվել Իջևանի թիվ 5 և... 26.08.2026 ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է Երևանում։ Օգոստոսի 24-ին վերապատրաստումները մեկնարկել են Երևանի, թիվ 51, թիվ 93 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Դասընթացների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվում խորացնելու մասնագիտական գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները՝ դրանք հետագայում ուսումնական գործընթացում առավել արդյունավետ կիրառելու նպատակով։ Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից է գործնական աշխատանքների կազմակերպումը։ Մասնակիցներն ընդգծում են, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական...