Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումը ուսումնական գործընթացում
1. Ներածություն
ՙԿրթության որակ և համապատասխանություն՚ վարկային ծրագրի առաջին փուլով նշանակալի ներդրում է իրականացվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) ուսման գործընթացում ներդրման և օգտագործման ուղղությամբ: Ակնհայտ է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ծրագրով կատարված առաջընթացը, ինչպես նաև հասարակության ամենալայն շերտերի կողմից ՏՀՏ–ի հանդեպ աճող պահանջարկը պայմանավորված են ՏՀՏ-ն ուսման գործընթացում ավելի մեծ ծավալով և խորությամբ կիրառելու ավելի մեծ անհրաժեշտությունը: Ներկայումս ՏՀՏ-ն կրթության գործընթացում ներդնելու գործողությունները համակարգում է ՙԿրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ը, որը հիմնադրվել է վարկային առաջին ծրագրի շրջանակներում:
Վարկային առաջին ծրագրի արդյունքները հետևյալն են`
- Հայաստանի դպրոցների մոտ 75%-ում ստեղծված են դպրոցական համակարգչային ուսումնական կենտրոններ, որոնք համալրված են ժամանակակից, բարձրորակ սարքավորումներով և էլեկտրոնային նյութերով:
- Սովորողները հնարավորություն են ստացել զարգացնել իրենց համակարգչային գրագիտությունը, կիրառել ՏՀՏ-ն տարբեր առարկաների ուսման ընթացքում և օգտվել Համացանցից: Հայաստանի 644 դպրոցներ փոխկապակցված են և ունեն ինտերնետ կապ:
- Ենթակառուցվածքների ստեղծմանը զուգընթաց իրականացվել է էլեկտրոնային բովանդակության մշակում. մասնավորապես մշակվել են համակարգչային ուսուցողական ծրագրեր հայոց լեզու, հանրաահաշիվ և երկրաչափություն առարկաների համար:
- Մշակվել է նաև կրթական պորտալ` www.armedu.am, որը կառավարվում է ԿՏԱԿ-ի կողմից և լայնորեն կիրառվում դպրոցների կողմից:
Չնայած վարկային ծրագրի առաջին փուլով ՏՀՏ-ն հանրակրթության մեջ ներդնելու ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքներին, դրանք շարունակելու անհրաժեշտությունը մնում է առաջնային խնդիր:
2. Բաղադրիչի նպատակն է`
բարձրացնել դպրոցների կարողությունը ՏՀՏ-ն ուսումնական գործընթացում արդյունավետ կիրառելու ուղղությամբ:
3. Բաղադրիչի խնդիրներն են.
- Դպրոցների տեխնիկական ենթակառուցվածքի` համադպրոցական ինտերնետ ցանցի ընդլայնումը և ինտերնետ կապի արագության և հուսալիության բարձրացումը: Այս խնդրի իրագործումը թույլ կտա բարելավել դասավանդման որակը և խթանել էլեկտրոնային բովանդակության օգտագործումը;
- ՀՀ բոլոր դպրոցների շարունակական համալրումը համակարգչային սարքավորումներով. դպրոցներին վարչակառավարման նպատակներով համակարգչային սարքավորումների և ծրագրային փաթեթի տրամադրումը:
- Բաց կրթական ռեսուրսները հասանելի դարձնող պլատֆորմի մշակումը, բարձրորակ էլեկտրոնային ուսումնական նյութերի մշակումը և դրանց ուսումնական գործընթացում կիրառելու համար անհրաժեշտ հմտությունների ուսուցումը:
4. Բաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողությունները.
ա) Դպրոցների փոխկապակցում
Ներկայումս Հայաստանում 644 դպրոց փոխկապակցված են և ապահովված ինտերնետ կապով: 2011 թվականի հունվարից ԿՏԱԿ-ի կողմից պետական միջոցներով փոխկապակցված կլինեն ևս 300 դպրոց, որոնց միացումը համադպրոցական ցանցին չի պահանջում նոր ենթակառուցվածքի ստեղծում, այլ իրականացվել է արդեն գործող ենթակառուցվածքի շրջանակներում: Այդ 300 դպրոցները հիմնականում տեղակայված են քաղաքային վայրերում, որտեղ փոխկապակցումը առավել հեշտ և նվազ ծախսատար է: Ցանցում չընդգրկված մոտ 414 դպրոցների փոխկապակցման աշխատանքներն իրականացվում են ՙԿրթության որակ և համապատասխանություն՚ վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում: Այս դպրոցների փոխկապակցումը դրանց աշխարհագրական դիրքի և ենթակառուցվածքների բացակայության պատճառով պահանջում է զգալի ներդրումներ: 2010 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է ցանցում ընդգրկվող դպրոցների ընտրությունը, ինչպես նաև ցանցի տեխնիկական հատկորոշիչների ու մրցութային փաթեթի մշակումը: կիրականացվի 2009թ. հոկտեմբերից մինչև 2010 հունվարը: 2010 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարվել է ցանցը կառուցող ընկերության ընտրության միջազգային մրցույթը: Ցանցի ընդլայնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2012 թվականը:
բ) Դպրոցների վարչական և կառավարման գործառույթների իրականացման համար համակարգչային սարքավորումների և ծրագրային փաթեթների տրամադրում.
Այս բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է դպրոցներին տրամադրել համակարգչային սարքավորումներ` վարչակառավարչական նպատակներով օգտագործման համար: Դրանք կօգտագործվեն նաև Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համար տվյալների հավաքագրման և փոխանցման նպատակով: Հաշվի առնելով որ դպրոցների մի մասում այս խնդիրն լուծված է, նախատեսվում է ընդհանուր առմամբ մոտ 1000 դպրոցների տրամադրել համակարգչային սարքավորումների փաթեթը ներառող մեկ բարձրորակ համակարգիչ, մեկ լազերային տպիչ և մեկ հոսանքի անխափան սնուցման սարք: Դպրոցներին սարքավորումները կտրամադրվեն 2011-2012 թթ-ի ընթացքում:
Բացի սարքավորումներից, դպրոցներին կտրամադրվեն նաև համապատասխան ծրագրային համակարգեր: Նման ծրագրային համակարգերի ներդրումը թույլ կտա բարեփոխել դպրոցի վարչական և կառավարման գործառույթները, դրանք համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին:
գ) Էլեկտրոնային ուսումնական նյութեր և բաց կրթական ռեսուրսներ.
Վարկային ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացվել է 7-9-րդ դասարանների համար չորս առարկաներից (հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն լեզու և ռուսաց լեզու) ծրագրային համակարգերի գնում և տրամադրում դպրոցներին: Սակայն, հաշվի առնելով այն, որ Հայաստանում փոքր թիվ են կազմում կրթական բովանդակության տեղական արտադրողները, ինչպես նաև հայերեն լեզվով կրթական նյութերի շուկան բավական փոքր է, ներկա փուլում անհրաժեշտություն է առաջանում ստեղծել բաց պլատֆորմ` կրթական միջավայր: Այն հնարավորություն կընձեռի պլատֆորմից օգտվող տարբեր անձանց կամ կազմակերպություններին ինքնուրույն ստեղծել տարաբնույթ կրթական ռեսուրսներ (ծրագրեր, դասեր, և այլն) և տեղադրել պլատֆորմում: Ստեղծվող բաց կրթական ռեսուրսները կհանդիսանան դասավանդման, սովորելու և ուսումնասիրություններ կատարելու միջոցներ, որոնք տեղադրված լինելով հանրային դոմեյնի վրա ազատված կլինեն մտավոր սեփականության արտոնագրի պահանջից և հնարավոր կդարձնեն դրանց ազատ օգտագործումը ցանկացողների կողմից: Նման կրթական պլատֆորմը ՏՀՏ-ների կիրառումը աշակերտների և ուսուցիչների համար կդարձնի ազատ գործընթաց և հնարավորություն կընձեռի ստեղծել, փոխանցել, վերադասավորել տարաբնույթ էլեկտրոնային ուսումնական նյութեր:
2010 թվականի ընթացքում կնքվել է պայմանագիր միջազգային խորհրդատուի հետ, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում պլատֆորմի տեխնիկական հատկորոշիչների ձևավորման և ստեղծման աշխատանքներին: 2011-2014թթ.-ի ընթացքում կիրականացվեն պլատֆորմի ստեղծման և դրա էլեկտրոնային նյութերով շարունակական համալրման աշխատանքները:
ե) Մոնիթորինգ և գնահատում
Վարկային ծրագրի առաջին փուլի շրջանակներում իրականացվել է ՏՀՏ ներդրման ընթացքի հետազոտություն: Համաձայն հետազոտության արդյունքների, ուսուցիչները մտահոգություններ են հայտնում հետևյալ չորս խնդիրների կապակցությամբ.
- Համակարգչային սարքավորումներով անբավարար հագեցվածություն;
- Համապատասխան էլեկտրոնային ուսուցողական նյութերի/միջոցների բացակայություն;
- Առարկայական ծրագրերում ՏՀՏ կիրառման պահանջի հետ կապված խնդիրներ;
- Ուսուցիչների անբավարար հմտություններ ՏՀՏ-ները ուսուցման գործընթացում կիրառելու առումով:
Այս բաղադրիչով նախատեսվում է շարունակել այն հիմնական խնդիրների իրագործումը և վերահսկումը, որոնք առաջանում են ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի կիրառմամբ: ՏՀՏ-ն դպրոցներում ներդրման գործընթացի շարունակական մոնիթորինգն ու գնահատումը նախատեսվում է իրականացնել մասնագիտացված ընկերության կողմից: