Բաղադրիչ 2.3 Աջակցություն բարձրագույն կրթության կայուն ֆինանսական համակարգի ներդրմանը

1. Իրավիճակի նկարագիրը

Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության բարեփոխումները պայմանավորված են <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>>  ՀՀ օրենքի դրույթներով, Բոլոնիայի գործընթացով և ՀՀ բարձրագույն կրթական համակարգի Եվրոպական միասնական կրթական տարածքին ինտեգրման գործընթացով:

Բարձրագույն կրթության բարեփոխումների կարիք ունեցող առանցքային ուղղություններից մեկը բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգն է:

Հայաստանում բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման մակարդակը բավականին ցածր է: Այն նկատելիորեն  ցածր է տարածաշրջանի միջինից` կազմելով ՀՆԱ-ի շուրջ 0.2 %-ը և ընդհանուր կրթության ծախսերի` 6-7%-ը, ինչը զգալիորեն զիջում է ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշին (համապատասխանանաբար 1.3% և 20%):

Ներկայումս պետական բյուջեից բուհերին հատկացվող ֆինանսավորումը կազմում է վերջիններիս եկամտի մոտ 21 տոկոսը: Պետական բուհերում ուսանողական վարձավճարները բավականին բարձր են` հասնելով մեկ շնչին ընկնող եկամտի շուրջ 20 տոկոսին (համեմատության համար, օրինակ, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում այն հասնում է եկամտի 11 տոկոսին): Վճարների հատուցման հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին է ընկնում ուսանողների ծնողներին, ինչն ուսումնառության ընթացքում լրացուցիչ ֆինանսական դժվարություններ է ստեղծում ուսանողների և նրանց ընտանիքների համար և լուրջ խնդիրներ է առաջացնում բարձրագույն կրթության մատչելիության և հավասարության տեսանկյունից:

Ֆինանսավորման ներկա համակարգի հիմնախնդիրները

Հայաստանում ներկայումս կիրառվում է բարձրագույն կրթության ֆինանսավորման այն մոդելը, որը լայն տարածում է գտել նախկին Խորհրդային միության երկրներում: Կառավարությունը յուրաքանչյուր տարի սահմանում է պետական ֆինանսական աջակցություն ստացող մասնագետների թիվը ըստ մասնագիտությունների և բուհերին գումար է տրամադրում` յուրաքանչյուր <<պատվիրված>> մասնագետի ուսուցման ծախսերը փոխհատուցելու նպատակով: Այսինքն, պետական ֆինանսավորումը բուհերին հիմնվում է պետական պատվերի համակարգի վրա, թեև 2008 թվականից պետական պատվեր հասկացությունը փոխարինվեց ուսանողական նպաստներ հասկացությամբ` առանց համակարգում էական փոփոխությունների իրականացման:

Ներկայիս բուհական համակարգի ֆինանսավորման սկզբունքներում առկա են մի շարք թերություններ, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում բարձրագույն կրթության մատչելիության և հավասարության տեսանկյունից: Մասնավորապես.

Մասնագիտական չափաքանակների սահմանման և հատկացման սկզբունքները ամբողջական չեն արտացոլում երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունների գծով աշխատաշուկայի իրական պահանջարկը և ռազմավարական նշանակություն ունեցող պետական ծրագրերով պայմանավորված առաջիկա տարիների մասնագետների պահանջարկը:

ՈԻսանողական նպաստների համակարգի արդյունավետությունը բարձրագույն կրթության մատչելիության և հավասարության տեսանկյունից կարևոր հիմնախնդիր է: ՈՒսանողական նպաստի հատկացումն ուղղակի  կախված է բուհական ընդունելության և/կամ միասնական քննությունների արդյունքներից` ուսման առաջին տարում, և ուսանողի ընթացիկ առաջադիմությունից` ուսման հաջորդ տարիներին: Այն հաշվի չի առնում ուսանողների սոցիալական վիճակն ու ֆինանսական կարողությունները (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարեկան ուսման վճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից օգտվող որոշակի խմբերի): Այս մոտեցումը լուրջ խոչընդոտ է ստեղծում սոցիալապես անապահով խմբերի համար բարձրագույն կրթության մատչելիության տեսանկյունից և խիստ սահմանափակում է անապահով ընտանիքների երեխաների` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, առաջացնելով անհավասարության խնդիրներ: Տվյալների համաձայն` ցածր քվինտիլի ուսանողների միայն 6 տոկոսն է պետությունից ստանում ուսանողական նպաստներ, մինչդեռ հարուստ քվինտիլի ներկայացուցիչ ուսանողների 40 տոկոսը ուսանողական նպաստ ստացողներ են: Արդյունքում պետական աջակցությունը չի տեղաբաշխվում այնպես, որ ապահովի բարձրագույն կրթության ոլորտում առավելագույն ներգրավվածություն:

ՈՒստի ՀՀ կառավարությունը պետք է վերանայի բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը, ներառյալ ուսանողական նպաստների հատկացման սկզբունքները և մեթոդները: Մասնագիտական չափաքանակները և դրանց բաշխումն ըստ բուհերի նույնպես վերնայման կարիք ունեն, համապատասխանեցնելով դրանք երկրի տնտեսության զարգացման առաջնային ոլորտներին և աշխատաշուկայի պահանջներին:

Ներկայումս ուսանողական նպաստների հաշվարկման մեթոդաբանությունն ու մեծությունը հիմնվում են մի շարք հաշվարկային նորմատիվների վրա (ուսանող-դասախոս, ուսանող-ոչ դասախոս հարաբերակցություններ, աշխատավարձ, գործառական ծախսեր և այլն): ՈՒսանողական նպաստների մեծությունը չի արտացոլում բուհերի կողմից տվյալ մասնագիտության գծով մասնագետների պատրաստման իրական ծախսերը: Ավելին, բուհերի կողմից ըստ մասնագիտությունների սահմանած վարձավճարների չափերն ավելի շատ արտացոլում են տվյալ մասնագիտության նկատմամբ շուկայական պահանջարկը, քան տվյալ մասնագետի պատրաստման իրական ծախսերը:

Այսպիսով, ակնհայտ անհրաժեշտություն կա մշակելու ուսանողական նպաստների և ուսման վարձերի որոշման կայուն մեթոդաբանություն` հաշվի առնելով տարբեր մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստման առանձնահատկությունները և ծախսերի հաշվարկումը: Այս մեթոդաբանությունը ռեալ հիմքեր կստեղծի մասնագիտության արժեքի որոշման և գնագոյացման համար:
ՈՒսանողական նպաստներ տրամադրելու սկզբունքները և չափանիշները պետք է նպաստեն բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը: Դրանք պետք է համակցեն և սոցիալական գործոնները (ընտանիքի եկամուտը, սոցիալական խոցելiության աստիճանը և այլն) և ուսանողների առաջադիմությունը` աշխատաշուկայի պահանջների և երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից:

ՈՒսման առաջադիմության վրա հիմնված` ուսանողներին տրվող ուսանողական կրթաթոշակը նմանատիպ խնդիրներից է: Ներկայումս բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները (հիմնականում ուսանողական նպաստների համակարգում ընդգրկված) պետությունից ստանում են նաև ուսանողական կրթաթոշակ (ամսական 5000 դրամի չափով), ինչն առանձին ուսանողի համար էական դեր չի խաղում ուսման մատչելիության կամ կենսամակարդակի բարելավման տեսանկյունից, սակայն հանրագումարային առումով ուսանողական կրթաթոշակի գումարը զգալի տեսակարար կշիռ է կազմում բարձրագույն կրթության պետական ծախսերում: Արդյունքում, պետական բյուջեի միջոցներից կրթաթոշակի տրամադրումը զգալիորեն իջեցնում է դրանց ծախսման արդյունավետությունը, մինչդեռ այդ գումարները կարող են ուղղվել պետական աջակցության այնպիսի ձևերի մեջ, ինչպիսիք են, օրինակ, ուսման նպաստները կամ ուսանողական վարկերը, ինչի արդյունքում զգալիորեն կաճի բուհական կրթության մատչելիությունը և հավասարությունը:

Վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների ֆինանսավորման մատչելի և հասանելի ձևերի բացակայությունը մեկ այլ խնդիր է. Թեև ուսանողներին վարկեր տրամադրելու գաղափարն արտացոլվել է դեռևս 2003 թ. ընդունված ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարության մեջ և արդեն որոշակի ժամանակ կառավարությունը փորձում է նախաձեռնել պետական աջակցությամբ ուսանողական վարկավորման համակարգի ստեղծումը, այնուամենայնիվ, մինչ օրս այն չի գործում: Ներկայումս մի քանի առևտրային բանկեր ուսման վարձի վճարման համար կարճաժանկետ կրթական վարկեր են տրամադրում ուսանողներին` ոչ մատչելի պայմաններով (մարման կարճ ժամկետով, շուկայական բարձր տոկոսադրույքներով և այլն), և այն ուսանողները, որոնց ընտանիքները չունեն կանոնավոր բարձր ամսական եկամուտներ, ի վիճակի չեն օգտվել այդ վարկերից: Այդ իսկ պատճառով, կարիք կա ստեղծել վարկավորման այնպիսի համակարգ, որը կապահովի ուսանողի կրթության ծախսերի անխափան ֆինանսավորումը կրթության ողջ ժամանակահատվածի ընթացքում և կնախատեսի վարկի մարումը ուսանողի կողմից` աշխատանքի անցնելուց հետո իր ապագա եկամուտների հաշվին:

Ֆինանսական հատկացումների բացակայությունը` համալսարաններում ֆունկցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, նորարարությունները խթանելու ուղղություններով ոլորտի ներկայիս խնդիրներից մեկն է: Համալսարաններին այսօր պետական ֆինանսավորում չի հատկացվում նորարարական, զարգացման կրթական ծրագրերի մշակման և իրականացման համար, իրենց տեխնոլոգիաների, սարքավորումների, ուսումնական ծրագրերի և մեթոդաբանության արդիականացման, միջազգային համագործակցություններ նախաձեռնելու, ինչպես նաև կարողությունների և կատարողական ցուցանիշների բարելավման, և այլ նպատակներով:

Ամփոփելով նշենք, որ բարձրագույն կրթության ֆինանսավորման ներկայիս համակարգը պետք է հաղթահարի հետևյալ հիմնական խնդիրները.

  • բյուջետային միջոցների օգտագործման ցածր արդյունավետությունը, որը հիմնականում պայմանավորված է պետության կողմից բուհերին ըստ մասնագիտությունների տրվող  չափաքանակների սահմանման և բաշխման գործընթացի, ինչպես նաև պետական կրթաթոշակների և ուսանողական նպաստների ձևավորման և հատկացման սկզբունքների անկատարությամբ,
  • մասնագիտական կրթության հավասար հասանելիություն ապահովելու համար ուսանողների ֆինանսական աջակցության նպաստավոր և արդյունավետ համակարգի բացակայությունը,
  • նորարարությունների խրախուսման, համալսարանների կողմից ռազմավարական ծրագրերի մշակման ու իրականացման համար պետական ֆինանսավորման բացակայությունը: 

Հետևաբար, ՀՀ կառավարությունը նախաձեռնում է բարեփոխել բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմները` նպատակ ունենալով մեծացնել բարձրագույն կրթության մատչելիությունը, սահմանել ճիշտ խթաններ և օրինաչափություններ, որոնք հնարավորություն կընձեռեն բուհերին` կատարելագործել կրթության որակն ու համապատասխանությունը և առավել պատասխանատու դառնալ արդյունքների համար, ինչը կսատարի երկրին մրցակցային, գիտելիքահեն տնտեսություն կառուցելուն:

2. Բաղադրիչի նպատակն է`

Ձևավորել և ներդնել բարձրագույն կրթության արդյունավետ և կայուն ֆինանսավորման համակարգ` դրանով իսկ մեծացնելով բարձրագույն կրթության մատչելիությունը, որակն ու համապատասխանությունը:

3. Բաղադրիչի խնդիրներն են`

բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների բարելավումը, ինչը կնպաստի ուսանողներին տրամադրվող պետական ֆինանսական աջակցության արդյունավետության ու օբյեկտիվության բարձրացմանը,
ուսանողական վարկերի համակարգի մշակումն ու ներդրումը, ինչը կբարելավի  բարձրագույն կրթության հասանելիությունն ու անաչառությունը սոցիալական տարբեր խմբերի համար և կմեծացնի բարձրագույն կրթության ֆինանսավորման կենսունակությունը (կայունությունը),
նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորումը, որը կնպաստի բուհերում կրթության որակի բարձրացմանը, նորարարությունների զարգացմանը, ռազմավարական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

4. Բաղադրիչի շրջանակներում իրականացվող գործողությունները

4.1 Կայուն ֆինանսավորման ռազմավարության մշակում

Բարձրագույն կրթության ֆինանսավորման բարելավման նպատակով նախատեսվում է  վերանայել բուհերի ֆինանսական հատկացումների մեխանիզմները, մշակել և ներդնել  ֆինանսավորման կայուն և արդյունավետ համակարգ:

Այս խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսված է մշակել բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարություն, որը պետք է հաղթահարի համակարգի հետևյալ մարտահրավերները`

  • մասնակցության ցածր մակարդակը,
  • անհավասարության բարձր մակարդակը,
  • դասավանդման ու հետազոտության անհավասար որակը,
  • ցածր արտադրողականությունը:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության մշակումը, ռազմավարական նպատակների, խնդիրների և գործողությունների պլանի վերաբերյալ որոշումների կայացման համար անհրաժեշտ նախապատրաստական և պլանավորման գործընթացների միջոցով, սկսվել է ՀՀ կառավարության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև ստորագրված  Զարգացման քաղաքականության վարկային 2-րդ ծրագրով (ԶՔՎ2):

ԶՔՎ 2-ի շրջանակներում մեկ միջազգային և տեղական երկու խորհրդատուների  կողմից ձևավորված թիմը 2010 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մշակել է ՀՀ բարձրագույն կրթության կայուն ֆինանսավորման ռազմավարության մշակման և հաստատման 2010-2011 թթ. աշխատանքային ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, ռամավարության նախագծի և առաջարկվող բարեփոխումների հիմնական ուղղությունների նախնական տարբերակները և ռազմավարության մշակմանն առնչվող այլ աբհրաժեշտ նյութեր /վերլուծություններ ու առաջարկություններ/: Նախատեսված է ռազմավարության մշակման աշխատանքները խորհրդատուների նույն թիմով շարունակել և ավարտել ԿՈՀ 2-ի շրջանակներում` մասնավորապես իրականացնելով հետևյալ գործողությունները.

  • Կվերանայվեն մշակված ռազմավարության նախագծի գլուխները և վիճակագրական տվյալները:
  • Բարձրագույն կրթության ֆինանսավորման հնարավոր հավանական քաղաքականության (սցենարի) գծով կմշակվի ծախսերի գնահատման մոդել և կպատրաստվի վերջինիս կիրառման ուղեցույցը:
  • Հանդիպումներ կկազմակերվեն շահագրգիռ մարմինների (նախարարություններ, բուհեր և այլն) պատասխանատուների և քաղաքականություն մշակողների հետ` քննարկելու ռազմավարության նախագիծը:
  • Սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ կկազմակերպվեն հիմնական շահառուների համար` ռազմավարության նախագծի քննարկման շուրջ:
  • Կմշակվեն պահանջվող օրենսդրական փոփոխություններ` ռազմավարությունը գործածության մեջ դնելու և  առաջարկների իրականցումն ապահովելու համար:
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կմշակվի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության վերջնական տարբերակը և այն հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը կառաջարկի  ֆինանսավորման բազմաղբյուր մոտեցումներ, մասնավորապես`

  • բուհերի ֆինանսավորման նոր մեթոդներ, ներառյալ կատարողականի հենքի վրա ֆինանսավորման մոդելներին անցում, մրցակցային նորարարությունների խրախուսում, որակի ապահովման գործընթացների ամրապնդում,
  • ուսանողների ֆինանսական աջակցության ընդլայնում, ներառյալ պետական դրամաշնորհներ, կարիքավորության ու առաջադիմության հիման վրա տրամադրվող նպաստներ, մասնագիտական ուղղվածության կրթաթոշակներ, գերազանցության կրթաթոշակներ,  ուսանողական վարկեր և այլն,
  • մասնագիտական ուղղությունների և ծրագրերի պլանավորման բարելավում, ներառյալ մասնագիտությունների շուկայի պահանջներին համապատասխանության բարձրացման և ենթակառուցվածքային բարեփոխումների խնդիրները,
  • վարձավճարների պատշաճ գնագոյացման քաղաքականություն և  մեթոդաբանություն և այլն:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության իրականացումը կսկսվի ՀՀ կառավարության կողմից վերջինիս հաստատվելուց հետո: Կմշակվի գործողությունների պլան և ժամանակացույց` ռազմավարությունը կիրարկման մեջ դնելու համար:

Նոր մշակված փաստաթղթերը շահառուների և շահագրգիռ կողմերի հետ քննարկելու նպատակով կկազմակերպվեն նաև հանրային քննարկումներ,  ԶԼՄ-ներով ու այլ ձևերով լուսաբանման աշխատանքներ:

4.2  ՈՒսանողական վարկերի համակարգի ձևավորում

Բուհական կրթության հավասարության և մատչելիության բարձրացման կարևոր միջոցներից մեկը, ուսման վճարների և ծախսերի աճող բեռի պարագայում, կլինի ուսանողական վարկերի համակարգի ներդրումը: Այն հնարավորություն կտա ուսանողներին մատչելի պայմաններով ստանալու ֆինանսավորում` ուսման վարձերը վճարելու և ապրուստի կարիքները հոգալու համար:

ՈՒսանողական վարկերի մշակման ուղղությամբ 2010 թ իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  • Մշակվել է Փորձագիտական աջակցության տեխնիկական առաջադրանք` ուսանողական վարկերի մշակման (ՈՒՎՄ) թիմի ձևավորման համար, որի դերը կլինի ուսանողական վարկերի սխեմայի մանրամասն նախագծի և փորձնական ծրագրի համար բոլոր անհարժեշտ աշխատանքների իրականացման աջակցությունը և առաջնորդումը:
  • Ընտրվել են ՈւՎՄ թիմի ղեկավար  ազգային և միջազգային խորհրդատուները:

Ազգային ղեկավար խորհրդատուի կողմից ուսումնասիրվել է ուսանողական վարկերի գծով միջազգային փորձը և պատրաստվել ամփոփ վերլուծական զեկույց վերջինիս վերաբերյալ: Մշակվել են նաև մի շարք այլ փաստաթղթեր ուսանողական վարկերի մշակման հետ կապված, մասնավորապես` Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի ներկա հիմնախնդիրների վերլուծություն, Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման տեսակետ (առաջարկներ), Հայաստանում ուսանողական վարկերի ներդրման քաղաքականության ռազմավարության և զարգացման սցենարների նախագծեր, ֆինանսական հաշվարկներ և այլ միջանկյալ նյութեր:

  • Վերանայվել են մշակված փաստաթղթերը, հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ` Հայաստանում ուսանողական վարկերի ներդրման քաղաքականության ռազմավարության հստակեցման շուրջ:

ՈՒսանողական վարկերի մշակման և ներդրման աշխատանքները 2011-2014թթ կշարունակվեն հետևյալ հիմնական ուղղություններով.

  • կմշակվի Փորձագիտական աջակցության տեխնիկական առաջադրանք և կընտրվի համապատասխան կազմակերպություն` բարձրագույն կրթության շրջանավարտների աշխատաշուկայի ուսումնասիրություն իրականացնելու համար,
  • կմշակվեն Փորձագիտական աջակցության տեխնիկական առաջադրանքներ և կընտրվեն ՈՒՎՄ թիմի մյուս երկու խորհրդատուները` բարձրագույն կրթության ֆինանսավորման մասնագետը և իրավաբանը,
  • կկազմակերպվի ուսումնական այց որևէ արտասահմանյան երկիր` ծանոթանալու արտերկրի լավագույն ուսանողական վարկային մոդելին,
  • Կվերանայվեն մշակված հայեցակարգային դրույթները և կպատրաստվի Հայաստանում ուսանողական վարկերի ներդրման քաղաքականության ռազմավարության զեկույցի վերջնական տարբերակը,
  • կձևավորվի ՈՒՎՄ աշխատանքների համակարգման Պլանավորման կոմիտե,
  • կկազմակերպվեն հանդիպումներ, սեմինարներ և քննարկումներ հիմնական շահագրգիռ մարմինների հետ,
  • կմշակվեն ուսանողական վարկավորման տեխնոլոգիան և փորձնական ծրագիրը,
  • կկազմակերվեն վերապատրաստումներ ուսանողական վարկերի գծով` համապատասխան պետական պաշտոնյաների և բուհերի աշխատակիցների համար (կվերապատրաստվի շուրջ 200 անձ);
  • կմշակվեն և համապատասխան մարմինների հետ կհամաձայնեցվեն վարկավորման փորձնական ծրագրի ղեկավար ձեռնարկը,
  • 2011 թ. սեպտեմբերից կսկսվի փորձնական ծրագրով ուսանողներին վարկերի տրամադրումը (կվարկավորվեն հիմնականում մագիստրատուրայի ուսանողները),
  • կիրականացվի փորձնական ծրագրով առաջին տարվա վարկավորման արդյունքների գնահատում, վարկային ծրագրի լրամշակում և կատարելագործում,
  • վերջնական կլրամշակվի ՈՒՎ քաղաքականության ռազմավարությունը և  կձևավորվի ՈՒՎ ազգային սխեման,
  • կպատրաստվեն առաջարկություններ և գործողությունների պլան ՈՒՎ հետագա զարգացումների վերաբերյալ և կհամայնեցվեն համապատասխան մարմինների հետ,
  • 2011-2014 թվականների ընթացքում կկազմակերպվի ՈՒՎՀ հանրային լուսաբանում, ինչպես նաև կիրականացվի գրքույկների տպագրություն` ուսանողական վարկերի մեկնաբանման և իրազեկման նպատակով:

ՈՒսանողական վարկերի սխեմայի ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը կտրվի <<ՈՒսանողական վարկերի փորձնական ծրագրի>> առանձին ղեկավար ձեռնարկով, որը կմշակվի ՈՒՎՄ թիմի կողմից` հիմնական փաստաթղթերի մշակումից հետո: Ղեկավար ձեռնարկը կհաստատվի ՀՀ ԿԳ նախարարի հրամանով` նախապես համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ:

4.3 Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորում

Բարձրագույն կրթության մեջ նորարարությունների խրախուսման, զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև բուհերում որակի բարձրացման նպատակով ն ախատեսվում է ստեղծել նորարարությունների մրցակցային հիմնադրամ (ՆՄՀ):

Այն հնարավորություն կընձեռի բուհերին` մշակել և իրականացնել նորարարական ծրագրեր իրենց ուսումնական ծրագրերի և մանկավարժական մեթոդների արդիականացման, ԵԿՓԿՀ-ի (Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգ - ECTS) մշակման, ֆինանսական միջոցների հայթայթման հնարավորությունների կատարելագործման, արդյունաբերության հետ կապերի հաստատման և միջազգային համագործակցության գործընթացներում մասնակցության համար: ՆՄՀ-ն կխրախուսի բուհերի ներսում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, ռազմավարական ծրագրերի մշակումը` այդ գործընթացներում ներառելով ուսանողական ներուժը: ՆՄՀ-ի միջոցներով կբարելավվեն նաև բուհերի գիտահետազոտական ենթակառույցները (լաբորատորիաները), կիրականացվի բուհերի զինումը ժամանակակից սարքերով, սարքավորումներով և այլն: Հիմնադրամի հետագա գործունեության ապահովման համար կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական ներդրումներ, որոնք կարող են կատարվել Համաշխարհային Բանկի, պետական բյուջեի միջոցների, դոնոր կազմակերպությունների և այլ աղբյուրների հաշվին:

ՆՄՀ-ի ձևավորման աշխատանքների իրականացման նպատակով 2010 թվականին մշակվել են փորձագիտական աջակցության տեխնիկական առաջադրանքները, և ընտրվել են մեկ միջազգային և երկու տեղական  խորհրդատուներ:

Խորհրդատուների կողմից ՆՄՀ-ի նախագծման ուղղությամբ կիրականացվեն հետևյալ աշխատանքները.

  • Կիրականացվի ՆՄՀ տարբեր մոդելների նախնական ուսումնասիրություն և Հայաստանում ՆՄՀ-ի իրագործելիության ուսումնասիրություն,
  • ՈՒսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա կմշակվեն Հայաստանում ՆՄՀ-ի ներդրման հիմնական նպատակը, խնդիրները, գործարկման սկզբունքները,
  • Համապատասխան նախարարությունների և այլ շահագրգիռ մարմինների հետ կքննարկվեն և կհամաձայնեցվեն ՆՄՀ-ի ձևավորման նպատակը, խնդիրները, վերջինիս բյուջեի, հետագա ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերման հետ կապված հարցերը և այլն:
  • Կմշակվի նորարարությունների խրախուսման քաղաքականության հայեցակարգի նախագիծը և կներկայացվի համապատասխան մարմինների քննարկմանը,
  • Կմշակվի ՆՄՀ գործարկման ընթացակարգերը նկարագրող ղեկավար ձեռնարկը,
  • Կհայտնաբերվեն ՆՄՀ-ի ֆինանսավորման հնարավոր աղբյուրներ`  հիմնադրամի գործունեության ապահովման համար:
  • Կպատրաստվի և հաստատման կներկայացի ՆՄՀ հիմնադրման և գործարկման հետ կապված համապատասխան իրավական ակտերի փաթեթ:
  • ՆՄՀ-ի ձևավորման ընթացքում կկազմակերպվեն սեմինարներ` հիմնական շահառուների և համապատասխան պետական մարմինների հետ քննարկելու ՆՄՀ ստեղծմանն առնչվող հարցերն ու խնդիրները:

5. Ակնկալվող արդյունքները

  • Բարձրագույն կրթության կայուն ֆինանսավորման ռազմավարություն
  • Հայաստանում ուսանողական վարկերի ներդրման քաղաքականության ռազմավարություն
  • ՈՒՎ փորձնական ծրագրի մենարկ. ուսանողներին  փորձնական մոդելով վարկավորում
  • Կառավարման մարմինների համապատասխան պաշտոնյաների և բուհերի համապատասխան աշխատակիցների վերապատրաստումներ` ՈՒՎՀ ներդրման ուղղությամբ
  • Փորձնական ծրագրի գնահատման արդյունքներով լրամշակված ՈՒՎ ռազմավարություն և վարկավորման տեխնոլոգիա
  • Վերջնական  ձևավորված ՈՒՎ ազգային սխեմա և առաջարկություններ/երաշխավորություններ  Հայաստանում ՈՒՎ զարգացման վերաբերյալ
  • Նորարարությունենրի մրցակցային հիմնադրամի ձևավորման ուղղությամբ համապատասխան մշակումներ և հաստատման ներկայացվող իրավական փաստաթղթերի փաթեթ