Սեմինար` նվիրված Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումներին

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակում փետրվարի 4-6-ը Աղվերանում անցկացվեց սեմինար` «Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումները» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ ֆինանսների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարությունների պետական պաշտոնյաներ, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, կրթության բնագավառի պետական այլ մարմինների ղեկավարներ, միջազգային և տեղական փորձագետներ։
Սեմինարի հիմնական նպատակն էր ներկայացնել և քննարկել ԲԿ ֆինանսավորման խնդիրները, մարտահրավերները և առաջարկությունները ֆինանսական բարեփոխումների հիմնական ուղղությունների վերաբերյալ:
Ողջունելով սեմինարի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը նշել է. «Ակնհայտ է, որ բարձրագույն կրթության ֆինանսավորման՝ տարիներ շարունակ գործածվող մեխանիզմն այլևս սպառել է իրեն։  Այն այսօր մեզ թույլ չի տալիս կրթության որակի, մատչելիության և արդյունավերության բարձրացմանն ուղղված նոր գործիքակազմ որդեգրել։  Պետական ֆիանասավորման համար բուհերը պետք է որդեգրեն պետության կողմից ներկայացվող նոր քաղաքականություն, և առաջընթացն ապահովող փաստաթղթերի նախագծերի քննարկման փուլում նախևառաջ անհրաժեշտ է գալ ընդհանուր մասնագիտական հայտարարի` այն է, թե ինչպես ուղղորդել բարեփոխումների ընթացքըե,- ընդգծել է նախարարը և հավելել, որ ՀՀ պետական բյուջեից բարձրագույն կրթության ոլորտին հատկացվում է շուրջ 7.7 միլիարդ դրամ։ Պետական բուհերի բյուջեներում պետական հատկացումները, կախված բուհի առանձնահատկություններից, կազմում են 25-40 տոկոս։ Բուհերի բյուջեների մնացյալ հատվածը հիմնականում համալրվում է ուսանողների վարձավճարների շնորհիվ և միայն չնչին տոկոսը՝ այլ աղբյուրներից։ «Հայաստանում միայն պետությունը և ուսանողը չէ, որ պետք է վճարեն բարձրագույն կրթության համար։ Մենք պետք է ձեզ հետ միասին փորձենք աջակցել սոցիալական պատասխանատվությամբ ներծծված նոր բիզնես-մշակույթ ձևավորելուն, երբ խոշոր գործարարները, ելնելով իրենց  իսկ կոմերցիոն շահերից, հավելյալ հատկացումներով աջակցեն մեր ուսումնական հաստատություններին։ Ֆինանսավորման այս բաղադրիչը Հայաստանում գրեթե բացակայում է, և այստեղ կարիք ունենք ներգրավելու մասնավորինե,- նշել է Ա. Աշոտյանը և ավելացրել, որ որակյալ բարձրագույն կրթությունը թանկ հաճույք է բոլոր երկրներում։
Հայաստանում մեկ ուսանողին պետության կողմից վճարվող գումարի միջին ցուցանիշը համարժեք է մոտավորապես 800 ԱՄՆ դոլարի, ինչը շուրջ 2.5 անգամ պակաս է  տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների միջինացված ցուցանիշից։ Ուստի խնդիր կա ներգրավելու նոր ֆինանսական ռեսուրսներ։ «Միաժամանակ պետք է փաստել, որ մեր աշխատանքի արդյունավետությունը միայն գումարի ծավալից չէ, որ կախված է, այլև գումարի ծախսման ձևերից, մեխանիզմներից։ Անգամ այսօրյա բյուջեի պարագայում մենք վստահ ենք, որ կրթության որակի արդյունավետության և մատչելիության մեծացման համար ունենք չօգտագործված ռեսուրս, և այստեղ հարկավոր է կառավարման նոր մշակույթ, ֆինանսավորան նոր մեխանիզմ, որպեսզի գումարի օգտագործման գործիքակազմը նույնպես արդիական լինի>>,- ասել է նախարարը, շարունակելով.-«Կրթության ֆինանսավորման բեռի մի զգալի հատվածը մեր շարքային ուսանողների և իրենց ծնողների ուսերի վրա է։ Ակնհայտ է, որ սոցիալական խնդիրների պատճառով ծագում է նաև կրթություն ստանալու համար ոչ հավասար մեկնարկային հնարավորությունների դաշտ։ Այստեղ պետության խնդիրն է մեխանիզմներ ներդնել՝ ապահովելու յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրագործման համապատասխան հարթությունը նույն ֆինանսական մեխանիզմների միջոցով։ Սա է նաև պատճառը, որ մեր հանրապետությունում պատրաստվում ենք ներդնել ուսանողական վարկերի համակարգը, որն առավել արդիական է դառնում կրթության մատչելիության տեսակետից, սոցիալական հավասար հնարավորությունների և հավասար մեկնարկային դաշտի պայմաններում>>:
Իր խոսքում Ա. Աշոտյանն առանձնացրել է նաև մեկ այլ խնդիր, որը վերաբերել է պետական և ոչ պետական բուհերի համար ստեղծվող մրցակցային հավասար պայմանների ապահովմանը: «Ոչ պետական բուհերի համար մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ նաև պետական միջոցներից օգտվելու տեսակետից։ Չեմ բացառում, որ մոտ ապագայում մենք կունենանք այսպես կոչված՝ պետական պատվեր նաև այդ բուհերում։ Դրանով կստեղծվի մի վիճակ, երբ բուհերը պետական ֆինանսավորում են ստանում ոչ թե իրենց կազմակերպաիրավական ձևից ելնելով, այլ որակի և արդյունավետության գործիքակազմի չափագրման  շնորհիվ։ Դա, սակայն, իրականություն կարող է դառնալ մեկ անհրաժեշտ պայմանի դեպքում՝ երբ հավատարմագրման գործընթացը Հայաստանում նոր մեխանիզմներով կիրականացվի և Որակի ապահովման ազգային կենտրոնը կհավաստի նաև ոչ պետական բուհերի որակը՝ պետականների հետ զուգահեռ»,- իր խոսքն այսպես է եզրափակել Ա. Աշոտյանը։
Ողջույնի խոսքում ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը սեմինարի մասնակիցներին հավաստիացրել է, որ իրենց հանձնաժողովի պատգամավորներն ամեն ինչ կանեն, որպեսզի խորհրդարանական լսումների ժամանակ օրենսդիր օղակում հնարավորինս խորը քննարկումներ լինեն այս խնդիրների հետ կապված, ինչպես նաև արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին։
Այնուհետև մասնակիցներն անցան օրակարգով նախատեսված թեմաների ներկայացմանը և քննարկումներին:
Սեմինարի հիմնական թեմաներն էին` Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը. առկա վիճակը, մարտահրավերները և ֆինանսավորման բարեփոխումները, Բարձրագույն կրթության  ֆինանսավորման բարեփոխումների շրջանակներում Հայաստանում ուսանողական վարկերի համակարգի ներդնումը և բարձրագույն կրթության համակարգում նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև` որակի ապահովման համակարգի մշակումը և ուսուցման ու հետազոտության հաջող ինտեգրման տարբերակները:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Մաղաքյանը ներկայացրեց <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագիրը (ԿՈՀ2), վերջինիս նպատակները, խնդիրները, մարտահրավերները: Նա մասնավորապես նշեց, որ ԿՈՀ 2-ի հիմնական նպատակն է Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները` ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ: <<ԿՈՀ 2 ծրագիրն ուղղված է շարունակական բարեփոխումների միջոցով պահպանելու և զարգացնելու միջնակարգ ընդհանուր կրթության բնագավառում ԿՈՀ1-ի ձեռքբերումները և, միաժամանակ, ընդլայնելու բարեփոխումների  շրջանակները` անդրադառնալով  թե նախադպրոցական և թե բարձրագույն կրթության մատչելիության, հավասարության, արդիականության ու որակի խնդիրներին>>, -նշել է Հ. Մաղաքյանը: Նա նաև ներկայացրեց ԿՈՀ 2 ծրագրի` <<Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին>> ենթածրագիրը, որի  շրջանակներում էլ իրականացվում  են բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխումները:
Բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների գծով միջազագային խորհրդատու Արտ Հաուպտմանը ներկայացրեց ԲԿ ֆինանսավորման միջազգային փորձը, մասնավորապես կառավարման խնդիրների կարևորության գիտակցումը  ԲԿ ֆինանսավորման քննարկումներում, տարբեր երկրներում կիրառվող բուհերի և ուսանողների ֆինանսավորման մոդելները, դրամաշնորհները և սոցիալական նպաստները, ֆինանսավորման տարբեր մեխանիզմների ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության համեմատությունն այլ երկրների հետ. ինչպես է ֆինանսավորվում և կառավարվում բարձրագույն կրթության համակարգը Հայաստանում:
 Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության մշակման թիմի տեղական խորհրդատու Լևոն Բարխուդարյանը ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության առկա վիճակը. առաջարկը և պահանջարկը, ֆինանսավորման խնդիրները, բարձրագույն կրթության համակարգի մարտահրավերները: Այնուհետև ներկայացրեց փորձագիտական թիմի կողմից մշակած Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների առաջարկները, մասնավորապես` բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության քաղաքականության տարբերակները, ինչպես ֆինանսավորել բարեփոխումները, ներառյալ մասնավոր ներդրումների ավելացման խրախուսումը, ֆինանսավորման տարբերակների ծախսերի գնահատումները: Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության մշակման տեղական խորհրդատու Սերգեյ Բալասանյանի կողմից ներկայացվեց ԲԿ բարեփոխումների ֆինանսավորման առաջարկվող սցենարները և ծախսերի գնահատման մոդելները: 
 Փորձագիտական խմբի կողմից մշակված բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների առաջարկություններն ընդգրկում են հետևյալ 4 հիմնական ուղղությունները.

 

  • ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարեփոխում,
  • բարձրագույն ուսումնական հաստատությունների ուղղակի ֆինանսավորման նոր համակարգի ներդրում,
  • գիտահետազոտական աշխատանքների և կրթության ինտեգրում,
  • Հայաստանի բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսում:

Զեկուցումներից հետո կազմակերպվեցին քննարկումներ` <<Որոնք են լավ նորությունները, վատ նորությունները և ինչում ենք բոլորս համաձայն Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման շուրջ>> և <<Որոնք են Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման երկարաժամկետ տեսլականը և ցանկալի կառուցվածքը>> թեմաների շուրջ:
  Բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է ուսանողների աջակցության համակարգի բարելավման խնդիրը, և մասնավորապես` ուսման ֆինանսավորման մատչելիության հարցը: Ներկայումս Հայաստանում գոյություն չունի ուսանողների աջակցության երկարաժամկետ և մատչելի ֆինանսավորման հնարավորություն, ինչը խոչընդոտում է նաև մասնագիտությունների անկախ ընտրությանը և ուսման գործընթացին: Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի ուսանողական վարկերի ազգային համակարգի մշակումը, որը կհանդիսանա որպես ուսման վարձավճարների ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմ և որակյալ գիտելիքի ձեռքբերման նպատակով ներդրումային ֆինանսավորում :
  Այդ իսկ պատճառով սեմինարի ներկայացումների և քննարկումների մեծ հատված նվիրված էր բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների առանցքային մաս կազմող` Հայաստանում ուսանողական վարկերի համակարգի մշակման և ներդրման խնդիրներին, որը ներկայացրեց ուսանողական վարկերի գծով տեղական խորհրդատու Արման Հակոբյանը: Վերջինս իր զեկույցի առաջին մասում ներկայացրեց ուսանողական վարկերի միջազգային փորձը, մասնավորապես աշխարհի տարբեր երկրներում վարկային սխեմաների ներդրման նպատակները, վարկային քաղաքականությունները, վարկավորման մոդելները, դրանցում մասնակից կողմերի ֆունկցիոնալ դերակատարումները և վարկավորման գործընթացի հետ առնչվող խնդիրները, ինչպես նաև ներկայացրեց ուսանողական վարկերի միջազգային փորձից քաղած հիմնական դասերը և սեփական դիտարկումները առավել հեռանկարային մոտեցումների շուրջ:
Ա. Հակոբյանի ներկայացման երկրորդ մասը նվիրված էր Հայաստանում ուսանողական վարկերի ներդրմանը: Նա նշեց, որ ուսանողական վարկերը խիստ անհրաժեշտ են որպես ուսանողների ֆինանսական աջակցության ծառայություն` Հայաստանում ուսանողների աջակցության ընդհանուր համակարգը  բարելավելիս: Իր զեկույցում նա մասնավորապես անդրադարձավ այն հարցերին, թե որն է ուսանողական վարկերի ցանկալի դերը Հայաստանի համար, ինչ խոչընդոտներ կան, ինչ է անհրաժեշտ պլանավորել և թե ինչ ռեսուրսներ, գործընթացներ ու գործիքներ են հարկավոր  այս նախաձեռնության իրականացման համար:
Զեկուցումներից հետո կազմակերպվեց քննարկումների հարթակ` <<Ինչու են Հայաստանին պետք ուսանողական վարկերը. որն է նպատակը>> և <<Որոնք են Հայաստանում ուսանողական վարկերի մշակման այլընտրանքային սցենարները>> թեմաներով: Հնչեցին տարբեր հարցադրումներ, բարձրացվեցին մի շարք խնդիրներ, լսվեցին տեսակետներ, կարծիքներ Հայաստանում  ուսանողական վարկերի ներդրման մանրամասների շուրջ:
Եզրահանգումները հետևյալն են.  Գերակայությունը պետք է լինի ուսանողական վարկերի օգտագործումը` բարձրագույն կրթության որակը և արդյունավետությունը ընդունելի մակարդակներ բարձրացնելու համար:
Թե միջազգային փորձը և թե տեսությունը հուշում են, որ ուսանողական վարկերը վիճարկելի են` որպես քաղաքականության գործիք և բարդ` գործնականում իրականացնելու համար: Այս պատճառով կարևորվում է նախ քննարկել նման ֆինանսական գործիքի հնարավորությունն ու անհրաժեշտությունը հայաստանյան համատեքստում` նախքան իրականացման անցնելը:
ՈՒստի Հայաստանում կենսունակ ուսանողական վարկերի համակարգ ներդնելու համար հիմնական ջանքերը պետք է ուղղել ուժեղ ինստիտուցիոնալ կարողության և վարկային տեխնոլոգիայի ստեղծմանը (հարկավոր է ստեղծել վարկավորման know-how), բարձր որակավորում ունեցող ֆինանսական մասնագետների պատրաստմանը, մասնավոր ոլորտի ներգրավմանը (ինչը մեծապես ցանկալի է), վարկային սխեմայի բոլոր մասնակից կողմերի (ուսանողներ/ընտանիքներ, կառավարություն, բուհեր, բանկեր և դոնորներ) համագործակցության ապահովմանը և  ՈՒՎ սխեմայի ձևավորման և զարգացման մեջ ներդրումների կատարմանը:
Բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների ուղղություններից մեկը բարձրագույն կրթության համակարգում նորարարությունների խրախուսումն է, բուհերում ռազմավարական և զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը, կրթության և հետազոտության ինտեգրումը, որոնց աջակցման նպատակով նախատեսվում է բարձրագույն կրթության համակարգում ձևավորել Նորարարությունների մրցակցային հիմնադրամ: Հիմնադրամը հնարավորություն կընձեռի բուհերին` մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ ստանալու միջոցով բարելավել գիտակրթական և կառավարման գործընթացները, արդիականացնել իրենց կրթակարգն ու ուսումնական ծրագրերը, կատարելագործել բուհերում ֆինանսական պլանավորման և կառավարման, մոնիտորինգի և ինքնագնահատման կարողությունները, վերազինել բուհերը նոր տեխնոլոգիաներով և աջակցել այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք կնպաստեն արդյունաբերության և գործարար հատվածի հետ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև` միջազգային համագործակցության ընդլայնմանը: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջազգային փորձը, խնդիրները և գործունեության առանձնահատկությունները ներկայացրեց Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորման գծով տեղական խորհրդատու Սուսաննա Կարախանյանը:
Հայաստանի բարձրագույն կրթության որակը նույնպես շարունակում է լուրջ մտահոգության պատճառ մնալ: Բարձրագույն կրթության պետական ծախսերի համեմատաբար ցածր մակարդակը, դասավանդման ու գիտահետազոտական գործունեության ավանդական տարանջատումը, որակի ապահովման արդյունավետ համակարգի ըստ էության բացակայությունը նույնպես ցածր որակի  վկայությունն են: ՈԻստի ֆինանսավորման կառուցվածքի վերափոխման շուրջ քննարկումները անդրադարձան նաև վերը նշված մտահոգություններին:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն  Թոփչյանը նշեց, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի որակի հետ կապված մտահոգությունները կարող են առավել հաջող լուծում ստանալ որակի ապահովման արդյունավետ գործընթացի ներդրմամբ: Նա ներկայացրեց Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթության որակի արտաքին և ներքին ապահովման համակարգերի մշակման և ներդրման խնդիրներն ու այդ գործընթացի փուլերը, որակի ապահովման և կրթության ֆինանսավորման մեխանիզմների համակցումը, նշեց, որ պետությունից ֆինանսավորում ստանալու համար բոլոր բուհերից կպահաջվի համապատասխանել նվազագույն ստանդարտներին:
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի համապատասխանությունը Բոլոնիայի գործընթացին ապահովելու համար, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՄԿՈԱԱԿ) մշակել է <<Մասնագիտական կրթության որակի ապահովման ուղեցույցներ, չափանիշներ ու չափորոշիչները>>, որով շրջանառության մեջ են դրվում եվրոպական այնպիսի ուղենիշներ, ինչպիսիք են` Եվրոպական որակավորման կառուցվածքը, Դուբլինյան չափորոշիչները և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական չափորոշիչները և ուղեցույցները (ESGs): ՄԿՈԱԱԿ-ի կարևորագույն առաջադրանքներից է նաև տարբեր շահագրգիռ կողմերի շրջանում որակի ապահովման մշակույթի առաջխաղացումը, ինչպես նաև` որակի ապահովման գծով տարբեր միջոցառումներ անցկացնելու մասնագիտական կարողությունների ուժեղացումը:
Հայաստանի բարձրագույն կրթության կառուցվածքի հիմնական թերություններից մեկն էլ այն է, որ ավանադաբար գիտահետազոտական աշխատանքները տարանջատված են եղել կրթությունից: Գիտահետազոտական աշխատանքների զգալի մասն իրականացվում է բուհերից դուրս` անկախ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչը թույլ չի տալիս համալսարաններին ունենալ բարձրորակ ուսումնական և գիտական փորձ: Բացի այդ, համալսարանների դասախոսական կազմը չունի կամ գրեթե չունի գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու պարտականություններ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աստիճանի տարանջատումը նվազեցնում է բարձրագույն կրթության որակն ընդհանրապես: Այդ պատճառով, բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների ռազմավարության կարևոր խնդիրներից մեկն է հանդիսանում նաև գտնել այնպիսի լուծումներ, որոնցով ֆինանսավորման մեխանիզմները կարող են օգտագործվել կրթության և գիտահետազոտական աշխատանքների միջև ավելի լավ ինտեգրման հասնելու համար:
Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է գիտահետազոտական ինստիտուտների կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ նախապատվությունը տալ գիտահետազոտական ինստիտուտների և ԲՈՒՀ-երի համատեղ ներկայացրած ծրագրերին: Միաժամանակ, առաջարկվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել միջնաժամկետ հեռանկարում գիտահետազոտական ինստիտուտների և ԲՈՒՀ-երի հենքի վրա հետազոտական համալսարանների ստեղծման ուղղությամբ: 
Իր զեկույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թվականների գերակայությունները, գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման նոր կարգերը, գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառները և մասնագիտությունները: Նա նաև անդրադարձավ հետազոտական համալսարանների ստեղծման հարցերին, մասնավորապես դրանց ձևավորման ընթացքին և աշխարհի առաջադեմ մի շարք երկրներում գոյություն ունեցող հետազոտական համալսարանների մոդելներին:
Պրն. Ս. Հարությունյանը նշեց, որ հետազոտական համալսարանի հենքը գիտական հետազոտություններն են, բայց համալսարանի դերը միայն գիտական կադրերի պատրաստումով չի սահմանափակվում: Հետազոտական համալսարանի հիմնական դերը որոշակի ձևի մտածողություն կրող մարդկանց պատրաստումն է. ուսանողը, զբաղվելով գիտական հետազոտություններով, ձևավորվում է որպես լիարժեք կրթված, ինքնուրույն մտածող, ստեղծագործ անձնավորություն:
Հիմնական ելույթների ավարտից հետո ծավալվեցին շահագրգիռ քննարկումներ բարձրագույն կրթության համակարգի հիմնախնդիրների և բարեփոխման ուղղությունների շուրջ, զեկուցողներին տրվեցին հարցեր, հնչեցին տարբեր կարծիքներ ու տեսակետներ քննարկվող թեմաների վերաբերյալ: 
Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարելավման ուղղությամբ սեմինարի ընթացքում արված արժեքավոր առաջարկներն ու դիտարկումները հաշվի կառնվեն բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության նախագծի լրամշակված տարբերակում, որն առաջիկայում պաշտոնապես կներկայացվի շահագրգիռ մարմինների քննարկմանը:

Սեմինարի նյութերին կարելի է ծանոթանալ Հաշվետվությունների բաժնում:

Վերադառնալ