«Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ընթացքի ուսումնասիրություն

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության որակ և համապատասխանություն» վարկայի երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացնում է հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՀՏ) ներդրման աշխատանքներ: Այդ աշխատանքների շրջանակներում նախատեսվում է իրականացնել ՏՀՏ ներդրման ընթացքի կրկնվող ուսումնասիրություններ, ներառյալ ավագ դպրոցներում ստեղծված ռեսուրս կենտրոնների օգտագործման ինտենսիվության ու արդյունավետության ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացնել ուսուցիչների և աշակերտների շրջանում կրթական էլեկտրոնային նյութերի գծով կարիքների հետազոտություն` դրա արդյունքներով գնման ենթակա կրթական էլեկտրոնային նյութերի ցանկը կազմելու նպատակով: Հետազոտական աշխատանքների իրականացումը նախատեսվում է 2012-2014 թթ. ընթացքում` ընդհանուր առմամբ երեք դաշտային փուլով:

Համապատասխան փորձ ունեցող կազմակերպությունները կարող են աշխատանքային օրերին գրավոր դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ`  Ս. Վրացյան փող. 73 հասցեով մինչև ս/թ  մարտի 1-ը, ժամը 17.00։

Դիմող կազմակերպությունը պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին։ Այն պետք է`

  • ունենա պետական գրանցում
  • լինի ֆինանսապես կայուն
  • ունենա կրթական համակարգում իրականացված որակական և քանակական հետազոտությունների, ինչպես նաև կարիքների գնահատման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • ունենա որակյալ աշխատակազմ, որը կարող է իրականացնել նախատեսվող աշխատանքները, որոնց կազմում` առնվազն 2 հասարակագետներ, որոնք ունեն հետազոտությունների անցկացման  նշանակալի փորձ. ցանկալի է` կրթության ոլորտում:

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները
  • տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը
  • հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը
  • վերջին 3 տարիների ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները, իրականացված հետազոտությունների ցանկը
  • տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 3 տարիներին միջին տարեկան շրջանառության մասին

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով. 57-56-67։

Հայտարարության տեքստին կարելի է ծանոթանալ նաև www.cfep.am կայքում:

 

 

Վերադառնալ