Կրթության որակի հետագա բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով
1. Ներածություն
Հանրակրթության բարեփոխումների առանցքային հիմախնդիրներ են` ուսուցչի շարունակական մասնագիտական զարգացման համակարգի բացակայությունը և այդ գործընթացի նորմատիվաիրավական դաշտի անկատարությունը:
Հայաստանում ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացը կարգավորվել է միայն ՀՀ ԿԳ նախարարության համակարգի առանձին կառույցների կանոնադրություններով և հասարակական ու միջազգային կազմակերպությունների ծրագրերով: Մինչ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի ընդունումը ուսուցիչների պարտադիր պարբերական վերապատրաստումների օրենսդրական պահանջ ձևակերպված չէր, չկար շարունակական մասնագիտական զարգացման որոշակի մեխանիզմ: Բացակայում են նաև ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման դրդապատճառները:
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) կողմից հիմնականում իրականացվել է պետբյուջեի միջոցներով ֆինանսավորվող կարճատև վերապատրաստումներ` արձագանքելով տվյալ ժամանակահատվածում ուսուցիչների վերապատրաստման կարիքներին, որոնք հիմնականում բխել են բարեփոխումների գործընթացներից: Վերապատրաստում անցած ուսուցիչներին տրվում էին վկայականներ, որոնք հավաստում էին միայն նրանց մասնակցությունը դասընթացներին, բայց դասընթացների ընթացքում ստացված գիտելիքները և հետագայում դասապրոցեսի վրա դրանց ունեցած ազդեցությունը չէր գնահատվում:
ԿԳ նախարարության և նրա կառույցների կողմից գրեթե չէր համակարգվում և կենտրոնացված կերպով վերահսկվում միջազգային ու հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող վերապատրաստման գործընթացները: Նրանցից յուրաքանչյուրն իրականացնում էր և իր ծրագիրը մյուսից անկախ: Այսօր էլ, երբեմն, նրանց ծրագրերը բովանդակային առումով կրկնում են մեկը մյուսին: ԿԳ նախարարությունում չկան վերլուծություններ և տվյալներ նրանց կողմից մատուցված ծառայությունների մանագիտական որակի կամ վերապատրաստումների մասնակիցների թվաքանակի վերաբերյալ: Պետբյուջեից հատկացված միջոցներով տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների սղության պատճառով վերապատրաստումներն իրականացվել են առավելապես Երևանում և մարզկենտրոններում, չնայած որ մարզերում գործել են ԿԱԻ մասնաճյուղերը և դպրոց կենտրոնները:
Բացակայել է մասնագիտական կատարելագործման (զարգացման) գործընթացի որակի և արդյունավետության բացահայտման մոնիտորինգային համակարգը:
Վերապատրաստումներն իրականացնելու ուսումնանյութական բազան դեռևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին, ինչը հնարավորություն չի տալիս արդյունավետ կազմակերպել լաբորատոր և գործնական պարապմունքները:
Վերապատրաստման գործընթացում թույլ են ներգրավված հանրապետության մանկավարժական բուհերը: Ներկայումս որպես պրակտիկ բազա լիարժեք ձևով չի օգտագործվում վարկային ծրագրի շրջանակներում ձևավորված դպրոց-կենտրոնների ռեսուրսը:
2005-2009թթ. ընթացքում <<Կրթության որակ և համապատասխանություն>> ծրագրի շրջանակներում նոր կրթակարգի, ուսումնական ծրագրերի, գնահատման նոր համակարգի, համագործակցային մեթոդների, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները դասապրոցեսում օգտագործելու և այլ ուղղություններով հանրապետության ուսուցիչների մեծամասնությունը վերապատրաստվել է: Չնայած արձանագրված շոշափելի առաջընթացին, դասավանդման և ուսումնառության որակի էական բարելավմանը միտված ուսուցիչների վերապատրաստման գործընթացը դեռևս գտնվում է սկզբնական փուլում:
Ելնելով խնդրի կարևորությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է <<ՀՀ մանկավարժական կրթության համակարգի արդիականացման ռազմավարական ուղղությունները>>, որում նախանշվել են վերանոշյալ հիմնախնդիրների լուծման հիմնական ուղղությունները: Այս բաղադրիչը կոչված է իրականացնելու դրանք:
2. Բաղադրիչի հիմնական նպատակն է.
բարձրացնել հանրակրթության որակը ուսուցիչների մասնագիտական գիտելիքների ու մանկավարժական հմտությունների շարունակական զարգացման միջոցով և արդիականացնել մանկավարժի մասնագիտական վարկանիշը մանկավարժական ծառայությունների պայմանների բարելավման միջոցով:
3. Բաղադրիչի հիմնական խնդիրներն են.
- Ստեղծել պայմաններ ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համար և մշակել ուսուցիչների որակավորմանը ներկայացվող իրվանորմատիվային պահանջներ` ապահովելով նրանց մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներն 5 տարի պարբերականությամբ:
- Սահմանել յուրաքանչյուր տարի վերապատրստվող ուսուցիչների թվերը` ըստ առարկաների և ըստ մարզերի: Այն կօժանդակի ուսուցիչների վերապատրաստման գործընթացի պլանավորմանը` ընդլայնելու վերապատրաստումների ծառայությունները, ստեղծելու դրանց մրցակցային, նոր շուկայական դաշտ` ապահովելով անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ:
- Կազմակերպել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման և որակավորման բարձրացման դասընթացներ, որոնք կտարբերվեն բովանդակությամբ, կազմակերպման ձևերով ու տևողությամբ` ըստ ուսուցիչների իրենց կարիքների: Այդ գործընթացում ներգրավել համապատասխան ներուժ ունեցող պետական և ոչ պետական կրթական կազմակերպություններ:
- Իրականացնել կառավարման հմտությունների զարգացմանը ուղղված դպրոցների տնօրենների վերապատրաստումներ:
- Ներդնել ֆինանսական նոր մեխանիզմներ` խթանելով ուսուցիչների վերապատրաստումներին պետական և ոչ պետական հաստատությունների մասնակցությունը:
- Օժանդակել դպրոցական նորարարությունները խթանող դպրոցական ցանցի ստեղծմանը:
4. Բաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են.
- Մշակել և ՀՀ կառավարության որոշմամբ ներդնել ուսուցիչների որակավորման բարձրացման, ատեստավորման և ուսուցչական տարակարգերի շնորհման միասնական համակարգ և դրան համապատասխան աշխատավարձերի սանդղակ` սկսնակ ուսուցչից մինչև տնօրեն:
Առաջարկվում է .
- դպրոցներում յուրաքաչյուր տարի սահմանել տարակարգերին համապատասխան հաստիքներ.
- սահմանել ըստ տարակարգերի ուսուցիչների պարտականությունները և պատասխանատվությունները:
- Ուսուցիչների հասարակական ու սոցիալական կարգավիճակը ձևավորող տարբեր գործոններից կարևորագույնը աշխատավարձն է: Ուսուցիչների կարգավիճակը էականորեն պայմանավորված է աշխատաշուկայում համապատասխան որակավորում ունեցող այլ մասնագետների աշխատավարձների հետ համարժեքությամբ: Այսպիսով, ԿԳ և Ֆինանսների նախարարությունները համատեղ պետք է ներդնեն ուսուցչական աշխատավարձների ըստ տարակարգերի տարբերակված նոր սանդղակ:
- Մշակել ուսուցիչների որակավորման բարձրացման, ատեստավորման և ուսուցչական տարակարգերի շնորհման միասնական համակարգի ու տարբերակված աշխատավարձերի իրավանորմատիվային փաստաթղթերի փաթեթ: Մասնավորապես իրավանորմատիվային փաթեթը պետք է վերաբերի.
- ուսուցիչների աշխատանքի նշանակման, ատեստավորման և առաջխաղացման գործընթացներին,
- ուսուցչական տարակարգերի և համապատասխան աշխատավարձերի սահմանմանը,
- ուսուցիչների այլ սոցիալական երաշխիքների ապահովման մեխանիզմներին,
ԿԳՆ-ը, ԿԱԻ-ն և ԿԾԿ ԾԻԳ-ը համատեղ պետք է մշակեն նաև յուրաքանչյուր տարակարգին համապատասխան վերապատրաստման ժամաքանակը, ժամկետները, ուսումնական կրեդիտները, բովանդակությունը և մեթոդաբանությունը:
- 2011-2013 թվականների ընթացքում ընտրված միջագային փորձագիտական կազմակերպությունը պետք է օժանդակի նոր կարգերի և ընթացակարգերի մշակման, ներդրման և դրանց մշտադիտարկման գործընթացներին:
- պետք է ձևավորել ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնող կազմակերպությունների մրցակցային դաշտ` ներառելով դպրոց-կենտրոնների գործող ցանցը, մասնագիտական կրթություն իրականացնող պետական և ոչ պետական կրթական հաստատությունները, հասարակակական կազմակերպությունները և այլ կառույցներ: Վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանցը պետք է ներառի ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև հանրապետության բոլոր տարածաշրջանները: Վերապատրաստման ձևերը պետք է լինեն բազմաձև (առկա, հեռակա, հեռավար, առ-ցանց և այլն) ու մատչելի ուսուցիչներին:
- 2011 թվականի սեպտեմբերից կազմակերպություններին մրցութային կարգով պետք է տրամադրվեն դրամաշնորհներ` ուսուցիչների իրական կարիքներին համապատասխան վերապատրաստումներ իրականացնելու նպատակով: Դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպությունները կարող են ներկայացնել առաջարկ տարբեր տևողության, բովանդակության և մեթոդների կիրառմամբ դասընթացներ իրականացնելու համար (ըստ պետականորեն սահմանված պահանջների): Առաջարկները պետք է գնահատվեն ԿԳՆ-ի հատուկ հանձնաժողովի կողմից: Ուսուցիչների ատեստավորման գործընթացում վերապատրաստման արդյունքները պետք է հաշվի առնվեն:
- Դրամաշնորհային միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով.
- կազմակերպությունների համալրում համակարգչային և լաբորատոր սարքավորումներով, ինչպես նաև վերապատրաստումներին անհրաժեշտ այլ գույքով,
- մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի, ուսումնական նյութերի մշակում կամ նյութերի ձեեռքբերում,
- մասնակիցների և դասախոսների սննդի, գիշերելու և տրանսպորտային ծառայությունների կազմակերպում,
- միջազգային և տեղական փորձագիտական ծառայությունների ձեռքբերում,
- վերապատրաստողների և վարչական աշխատակազմի վարձատրություն,
- և այլն:
- ՀՀ կառավարության կամ ԿԳ նախարարության կողմից սահմանվելու է որևէ պետական մարմին, որը պետք է իրականացնի առաջարկվող վերապատրաստման աշխատակազմի որակավորման և փորձառության, վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև վերապատրաստման պայմանների և կազմակերպչական կողմի գնահատում` տալով համապատասխան վկայական: Դա պետք է նպաստի վերապատրաստումների որակի ապահովման մեխանիզմների կիրառմանը:
Կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը տրվելու է առանձին` <<Դրամաշնորհներ վերապատրաստման ծառայություններ տրամադրող կազմակերպություններին և դպրոցներին>> Ղեկավար Ձեռնարկում, որի նախագիծը պատրաստ է:
5. Աշխատանքների կատարման ընթացքը և սպասվելիք արդյունքները
2010 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ ենթածրագրի բաղադրիչի շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները`
- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի համաձայն, տարեկան յուրաքանչյուր դպրոցի ուսուցիչների 20 տոկոսի վերապատրաստումն իրականացնելու նպատակով, ստեղծվել է տեղեկատվական բանկ 2011 թվականին վերապատրաստման ենթակա ուսուցիչների վերաբերյալ` ըստ մարզերի (Երևվանում` ըստ վարչական տարածքների), դպրոցների և առարկաների.
- Կատարվել է 1-ից ավելի առարկաներ դասավանդող հանրապետության բոլոր դպրոցների ուսուցիչների անվանական հաշվառում.
- Մշակվել և հաստատման փուլում է <<Դրամաշնորհներ վերապատրաստման ծառայություններ տրամադրող կազմակերպություններին և դպրոցներին>> Ղեկավար Ձեռնարկը:
- Նախապատրաստվել, հայտարարվել և անցկացվել են`
- ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման համար մրջազգային խորհրդատվական կազմակերպության ընտրության մրցույթ,
- դպրոցների տնօրենների վերապատրաստման համար նյութերի մշակման նպատակով փորձագիտական կազմակերպության ընտրության մրցույթ,
- ուսուցիչների և հանրակրթական դպրոցների տնօրենների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման նպատակով համապատասխան կազմակերպության ընտրության մրցույթ:
Բաղադրիչի միջոցառումների իրականացման արդյունքում մինչև 2014 թվականը պետք է ձևավորվի`
- ուսուցիչների և դպրոցի վարչակազմի շարունակական մասնագիտական զարգացման համակարգ,
- համապատասխան կարողություններ ունեցող վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանց և նման ծառայությունների շուկա,
- համագործակցող դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների ցանց և մանկավարժական գործունեության զարգացմանը նպաստող միջավայր,
- վերապատրաստված ուսուցիչների և տնօրենների որակյալ համակազմ,
- դպրոցների ցանց` նորարարությունների տարածման, առաջավոր փորձի փոխանակման, նոր պրակտիկայի ստեղծման նպատակով: Ցանցից մրցութային կարգով ընտրված դպրոցներին և դպրոց-կենտրոններին 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականը կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ` նորարարությունների տարածման, առաջավոր փորձի փոխանակման, նոր պրակտիկայի ստեղծման նպատակով,
- ուսուցիչների ասոցիացիա` խթանելով մանկավարժական նորարարությունների տարածմանը:
Բաղադրիչի շրջանակներում պետք է մշակվեն ուսուցչի վարվելակերպի և էթիկական նորմեր: Ինչը պետք է նպաստի հասրակության մեջ ուսուցչի վարկանիշի և դերի բարձրացմանը: Ասոցիացիան պետք է սահմանի ուսուցչի վարվելակերպի և էթիկական նորմերի մշտադիտարկման մեխանիզմները և ապահովի կիրառումը, որի համար կստանա անհրաժեշտ ֆինանսավորում վարկային ծրագրի միջոցներից:
Նախատեսվում է իրականացնել վերապատրաստումների մշտադիտարկում և արդյունքների գնահատում, ինչպես նաև նոր ընդունված կարգերի ու ընթացակարգերի լուսաբանում ԶԼՄ-ներով: