Նորություններ
Նոր լաբորատորիաներ ՃՇՀԱՀ-ում՝ ՆՄՀ դրամաշնորհով
20.11.2017

Նոյեմբերի 17-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աշխատանքների համատեքստում տեղի ունեցավ հանդիպում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Հանդիպման նպատակը ՃՇՀԱՀ-ում իրականացվող դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: Համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը: Ներկաները ՃՇՀԱՀ ներկայացուցչի ուղեկցությամբ շրջեցին բուհի տարածքում և ծանոթացան ՆՄՀ շրջանակներում Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերից բուհում մեկնարկել էր <<Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծմամբ>> ծրագիրը <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում, որի համատեքստում համալսարանը <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռնամուխ էր եղել նոր լաբարատորիաների ստեղծմանը: Բուհի հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտել ավելի շուտ, քան նախատեսված էր՝ սույն թվականի նոյեմբերին: Բացի այդ, բուհը այս ընթացքում կարողացել է նաև իրականացված տնտեսումների հաշվին ձեռք բերել նաև լաբորատորիաների լիարժեք գործարկման համար անհրաժեշտ մի շարք լաբորատոր սարքավորումներ՝ ի լրումն այն հիմնական լաբորատոր համակազմի, որ ձեռք էր բերվել ծրագրի շրջանակներում: Ներկաները շրջայցը սկսեցին <<Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական լաբորատորիայից>>, որտեղ Շինարարական նյութերի, պատրաստվածքների եվ կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Ա. Արզումանյանը ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների մանրամասները: <<Սեյսմակայուն շինարարությանն առնչվող բազում խնդիրներ փորձարարական լուծում են պահանջում: Սա գիտություն է, որը չի կարող բավարարվել միայն լսարաններում տեսական հիմնավորումներ կատարելով: Այսօր ժամանակակից նյութերի կիրառումը պահանջում է ուսումնասիրել դրանց ազդեցությունը կառույցի կոնստրուկցիայի հետագա ընթացքի վրա>>,-նշում է ամբիոնի վարիչը և հավելում`<<Գիտահետազոտական նման ենթակառուվածք ունենալու մասին կարող էինք միայն երազել: Այս առումով շինարարական գիտության ոլորտում ուսանողների, ինչպես նաև արդեն կայացած մասնագետների համար անգնահատելի նվեր է Հայաստանում նման լաբորատորիա ունենալը>>: Այս լաբորատորիայի հնարավորությունները արդեն իսկ փորձարկվել են մի շարք էական ծրագրերի իրականացման համար, ինչպես մայրաքաղաքի Հանրապետության Հրապարակի շենքերի սեյսմակայունության ստուգումը, Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները: Լաբորատորիայում ակտիվորեն իրականացվում են նաև աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ, ինչպես տուֆի մշակման արդյունքում ստացված թափոնների վերամշակման, շենքերի ջերմամեկուսացման օրգանիկ և քիչ ծախսատար միջոցների ստացման և այլ ուղղություններով:
Այս լաբորատորիան ծրագրի միակ ձեռքբերումը չէ. ՃՇՀԱՀ-ն արդեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ուսումնափորձարարական լաբորատոր բազա ունի: Մի տեղում գրունտների ֆիլտրացիոն հատկություններն են որոշում, մյուսում դիզայներական հմտություններ են սովորում՝ ձեռք բերելով պրակտիկ գիտելիքներ:
Ներկաները եղան դրամաշնորհային ծրագրի շրջանակներոում բացված <<Գրունտների մեխանիկայի լաբորատորիայում>>, որտեղ ուսանողներին ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ծանոթացնելու համար լավագույն հնարավորություններ են ստեղծված: Ծրագրի շրջանակներում ձեռք բերված նոր սարքավորումները թույլ են տալիս որոշել գրունտների ֆիզիկամեխանիկական հատկություններն ու ամրության բնութագրերը: Հիմնվելով ստեղծված լաբորատոր բազայի վրա՝ բուհը արդեն իսկ միջազգային համագործակցություն է նախաձեռնել Մոսկվայի պետական շինարարական ինստիտուտի հետ՝ համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով: Նորաստեղծ լաբորատորիայում, դիտարկելով լաբորատոր սարքավորումները, ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Միհրան Յամուկյանը քննարկեց լաբորատոր սարքավորումների պահպանման հետ կապված մի շարք հարցեր:
Ներկաները շրջեցին նաև ամբողջովին վերանորոգված, նոր կահույքով և համակարգիչներով համալրված ճարտարապետական արվեստանոցներում, որոնք վերազինվել են համապատասխան սարքավորումներով: Կարևորելով նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում՝ ծրագրի շրջանակներում համալսարանը ձեռք է բերել լազարային հաստոցներ, որոնք կիրառական են ոչ միայն ուսումնագործնական ժամերին այլև լայն կիրառություն կարող են ունենալ տնտեսության մի շարք ոլորտներում: Դրանց կիրառությունը հնարավորություն է տալիս ամուր կապեր ստեղծել կրթության և արտադրության միջև: Ճարտարապետության ֆակուլտետի դասախոս Արթուր Եղյանը ներկայացրեց նոր սարքավորումների հնարավորությունները: <<Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ներդրված սարքավորումները, կարող են կիրառվել նաև արտադրության մեջ: Նպատակն այն է, որ ուսանողները ձեռք բերեն գործնական հմտություններ և հնարավորություն ունենան հետագայում առևտրայնացնելու իրենց գիտելիքները>>,- հավելեց դասախոսը:
Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ ավարտվել է Ճարտարապետական և շինարարական նյութագիտության, տեխնոլոգիաների ու կոնստրուկցիաների հիմնահարցերին առնչվող յոթ մասնագիտությունների կրթական ծրագրերի մշակման և վերանայման գործընթացը, ուսումնական ձեռնարկների տպագրությունը: Հանդիպման ավարտին ներկաները քննարկեցին նորաստեղծ լաբորատորիաների հենքի վրա ծավալվող համագործակցության հնարավորությունները: ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնարկել է նաև լաբորատորիաների սերտիֆիկացման գործընթացը, որը ժամանակատար է, սակայն դրա արդյունքում բուհը կունենա փորձաքննություններ անցկացնելու արտոնագիր նորաստեղծ երկու լաբորատորիաների համար:
Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված այս ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազան որակի նոր չափանիշ է ոչ միայն ՃՇՀԱՀ-ի, այլև տվյալ բնագավառի համար ընդհանրապես: