Բաղադրիչ 2.1 Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում

1. Իրավիճակի նկարագիրը

Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական փուլի սկիզբ կարելի է համարել 2005թ. մայիսի 19-ը, երբ ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրեց Բոլոնիայի անդամ երկրների կրթության նախարարների Բերգենի Կոմյունիկեն, և այսպիսով Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` ստանձնելով պատասխանատվություն մինչև 2010թ. ավարտել Բոլոնիայի գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումն ըստ գործողությունների առանձին ուղղությունների, և դառնալ կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) մասը:

Ինտեգրումը ԵԲԿՏ-ին նաև դժվարին ու  պատասխանատու գործընթաց է, քանի որ այն ենթադրում է իրականացնել խորքային փոփոխություններ ՀՀ բարձրագույն կրթական համակարգում` համապատասխանեցնելու համար այն Բոլոնիայի գործընթացի պահանջներին: Սա նշանակում է.

  • Ներմուծել համընթեռնելի և համեմատելի որակավորումների համակարգ:
  • Ներդնել երկաստիճան բարձրագույն կրթության համակարգ` բուհական և հետբուհական, այն պայմանով, որ մուտքը 2-րդ աստիճան կպահանջի առաջին աստիճանի պարտադիր ավարտը (առնվազն 3 տարի տևողությամբ): 1-ին աստիճանի ավարտին կշնորհվի բակալավրի որակավորում, որը համապատասխան որակավորում է եվրոպական աշխատաշուկայի համար, իսկ 2-րդ աստիճանն ավարտվում է մագիստրոսի կամ դոկտորի որակավորմամբ:
  • Կատարել անցում ուսուցման կազմակերպման կրեդիտային եղանակին` համապատասխանեցնելով կրեդիտների տեղափոխման եվրոպական համակարգին (ԿՏԵՀ), միաժամանակ նախաձեռնելով արմատական ծրագրային վերափոխումներ և խթանելով ուսանողների և դասախոսների անարգել ակադեմիական շարժունությունը,
  • Խթանել ուսանողների շարժունությանը` հաղթահարելով բոլոր խոչընդոտները և գործարկել ուսանողների ազատ տեղափոխության համակարգ, հստակ ուշադրություն դարձնելով հետևյալ խնդիրների լուծմանը. ա/ ուսանողները պետք է կարողանան ազատորեն ընդգրկվել եվրոպական կրթական ծրագրերում և գտնվել ուսման հետ առնչվող ծառայություններում, բ/ դասախոսները, գիտական և վարչական աշխատողները պետք է ճանաչեն եվրոպական երկրներում ուսանողների անցկացրած ժամանակահատվածը:
  • Խթանել եվրոպական գործընթացները բարձրագույն կրթության ոլորտում, հատկապես` ուսումնական ծրագրերի մշակման, միջբուհական համագործակցության, շարժունակության, ինտեգրված կրթական ծրագրերի ներդրման, վերապատրաստման և գիտահետազոտական աշխատանքների կատարման ոլորտներում:
  • Արմատավորել բարձրագույն կրթության որակի գնահատման և ապահովման եվրոպական չափանիշներ և ապահովել համադրելի չափանիշներ և մեթոդոլոգիաներ` նպաստելով բարձրագույն կրթության համակարգի և ԵԲԿՏ  արտաքին գրավչության բարձրացմանը:

Այս փոխկապակցված համակարգային փոփոխությունները նախապայմաններ են հանդիսանում ԵԲԿՏ-ին Հայաստանի լիարժեք մասնակցության համար:

Բացի վերոնշյալից, 2006 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվեց «Բոլոնիայի գործընթացի սկզբունքերի իրագործման ժամանակացույցը», որը բուհերի համար կրեդիտային համակարգին անցման, կրթության որակի ապահովման միասնական պահանջներ սահմանեց` նշելով դրանց կատարման վերջնական ժամկետները:

2007 թվականին մշակվեց «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգը», որը քննարկվեց  ՀՀ բուհերում և հաստատվեց որպես օրինակելի կարգ: 2008 թվականի սեպտեմբերից ՀՀ բոլոր բուհերում սկսվել է կրեդիտային համակարգի ներդրման միասնական գործընթացը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային համակարգի ստեղծման ու ամրապնդմանը միտված աշխատանքներին ընթացք տրվեց ՀՀ կառավարության կողմից 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486-Ն որոշմամբ: Նշված որոշման համաձայն  Բոլոնյայի գործընթացին համեմատաբար ուշ միացած Հայաստանում ստեղծվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» Հիմնադրամը (ՈԱԱԿ), հաստատվեց վերջինիս կանոնադրությունը և տրվեցին մասնագիտական կրթության գծով որակի գնահատման և հավատարմագրման փորձաքննություն իրականացնելու լիազորություններ:

Մասնագիտական  կրթության բարեփոխումների ուղղությամբ կատարված  այս քայլը շատ կարևոր է, սակայն բավարար չէ ոլորտում առկա հինախնդիրներին լուծում տալու համար: Մասնավորապես, բուհերում ներդրված չեն որակի գնահատման ներքին համակարգեր: Դրա հետ մեկտեղ չկա նաև բավարար կադրային ապահովում ու ներուժ, ինչպես ՈԱԱԿ-ում. այնպես էլ բուհերի ներսում, ուստի անհրաժեշտ է ներդնել միջոցներ նորաստեղծ «ՈԱԱԿ» Հիմնադրամը կայացնելու և բուհերում համապատասխան օղակներ ստեղծելու ու կայացնելու  համար:

2. Բաղադրիչի նպատակն է`
Ստեղծել  բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային համակարգ, ինչպես նաև զարգացնել, հզորացնել ու ամրապնդել  նրա կարողությունները:

3. Բաղադրիչի  խնդիրներն են`

  • Մշակել և ներդնել բարձրաдույն կրթության որակի արտաքին և ներքին գնահատման և հավատարմագրման քաղաքականությունը, չափորոշիչները, ընթացակարգերն ու չափանիշները:
  • Օժանդակել նորաստեղծ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» Հիմնադրամի գործունեությանը` վերջինիս կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման և կարողությունների զարգացման գործում:
  • Աջակցել բուհերում որակի ապահովման ներքին կառույցների ստեղծմանն և կայացմանը, համապատասխան մեխանիզմների և հաշվետվողականության համակարգի   ներդրմանը: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում ունենալով`
    ա) ուսանողների ուսումնառության գնահատումը, ուսուցման նոր մեթոդների կիրառումը, ռեսուրսային ապահովումը,
    բ) բուհերի վարչական կազմի և դասախոսական համակազմի  մասնագիտական (ակադեմիական), կազմակերպչական կարողությունների, հնարավորությունների զարգացումը և նրանց որակավորման բարձրացումը:
  • Որակավորումների եվրոպական հենքի վրա ձևավորել  ազգային որակավորումների շրջանակը` ապահովելով դրա համադրելիությունը ընդհանուր կրթական տարածքում:

4. Բաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողությունները

4.1 Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան կմշակվի և կներդրվի որակի ապահովման արտաքին համակարգ, որի շրջանակներում.

  • Միջոցներ են ձեռնարկվում շահառուների միջև (ԿԳՆ, ՈԱԱԿ, բուհեր, ուսանողներ, գործատուներ) որակի ապահովման հիմնական սկզբունքների վերաբերյալ փոխհամաձայնության ձեռքբերման համար:
  • Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին համահունչ Հայաստանում որակի ապահովման արտաքին և ներքին համակարգերի զարգացման և հզորացման համար ծրագրով կիրականացվի միջազգային տեխնիկական աջակցություն: Այդ նպատակով մշակվել և հաստատվել է որակի ապահովման գծով տեխնիկական աջակցություն տրամադրող խորհրդատվական կազմակերպության աշխատանքային պարտականությունների նկարագիր: Խորհրդատվական կազմակերպության ընտրությունը ընթացքում է:
  • Ընտրված միջազգային փորձագետները ՈԱԱԿ-ի կարողությունների հզորացման նպատակով կտրամադրեն տեխնիկական աջակցություն, ինչը կներառի նաև 2 ուսուցողական այցերի կազմակերպում եվրոպական համապատասխան կառույցներ` մասնագիտական փորձառություն ձեռք բերելու համար:
  • Կզարգացվեն և կհզորացվեն որակի ապահովման արտաքին և ներքին համակարգերի շահառուների (ՈԱԱԿ-ի, նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության վարչության, լիցենզավորման ծառայության համապատասխան պաշտոնյաների և բուհերի ներկայացուցիչների) կարողությունները: Այդ նպատակով՝  միջազգային փորձագետների աջակցությամբ, կվերապատրաստվեն ՈԱԱԿ-ի աշխատակազմը, բուհերի ներքին որակի օղակների աշխատակիցները և համապատասխան պաշտոնյաները:
  • ՈԱԱԿ-ի նյութատեխնիկական բազայի հարստացման նպատակով ձեռք կբերվեն և կտրամադրվեն  համակարգչային և գրասենյակային  սարքավորումներ, կահույք և նշված կազմակերպության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիր: Սարքավորումների, կահույքի և համակարգչային ծրագրի տեխնիկական հատկորոշիչները կմշակվեն ԿԾԿ ԾԻԳ-ի և ՈԱԱԿ-ի կողմից:
  • Շահառուների հետ անցկացվող քննարկումների արդյունքում պարբերաբար կմշակվեն և կհրատարակվեն Բոլոնիայի գործընթացի, որակի ապահովման քաղաքականության, չափանիշների, չափորոշիչների, ընթացակարգերի վերաբերյալ տարբեր գրքույկներ և  ուղեցույցեր ընթացքում:
  • Բոլոր պահանջվող իրավական հիմքերը ընթացակարգերը, ուղեցույցները` ներառյալ չափանիշները և չափորոշիչները, հաստատելուց հետո (ժամանակավոր հիմքունքներով), ՈԱԱԿ-ը կիրականացնի յոթ պետական և յոթ մասնավոր բուհերի/մասնագիտությունների փորձնական գնահատում միջազգային փորձագետների օժանդակությամբ: ՈԱԱԿ-ի կողմից տրված գնահատման արդյունքների և առաջարկությունների հիման վրա բուհերի հավատարմագրման վերաբերյալ ՀՀ ԿԳՆ-ն կընդունի համապատասխան որոշումներ: Փորձնական գնահատման/հավատարմագրման վերլուծության հիման վրա ՀՀ կառավարությունը կկայացնի համապատասխան որոշումներ` ՀՀ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման և որակի ապահովման վերաբերյալ անհրաժեշտ ընթացակարգեր և ուղեցույցներ (ներառյալ չափանիշները և չափորոշիչները) հաստատելու մասին:
  • Ծրագրի ողջ ընթացքում հասարակությունը սեմինարների, հանրային քննարկումների և ԶԼՄ-ների միջոցով կիրազեկվի Բոլոնիայի գործընթացի, որակի ապահովման համակարգի գործառնության մասին: 

4.2 Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան կձևավորվի որակի ապահովման  ներքին համակարգ, այդ թվում.

  • Կբարելավվեն շահառուների (բուհերի որակի ներքին ապահովման բաժինների, ուսանողների) կարողությունները` ընտրված միջազգային խորհրդատվական կազմակերպության կողմից իրականացվող վերապատրաստումների միջոցով:
  • Կմշակվի և կհաստատվի որակի ներքին ապահովման քաղաքականությունը, այդ թվում` ուսանողների գնահատման միասնական սկզբունքները, չափանիշները, ընթացակարգերը և այլն:
  • Ծրագրի շրջանակներում 22 պետական և 5 մասնավոր բուհերի կտրվեն դրամաշնորհներ` որակի ապահովման ներքին ստաորաբաժանումների ստեղծման և դրանց  գործունեության իրականացման համար, ինչպես նաև նոր ընթացակարգերով և մեխանիզմներով որակի ներքին գնահատում իրականացնելու և ինքնագնահատման հաշվետվություն պատրաստելու նպատակով:
  • Դրամաշնորհների տրամադրման սխեմայի ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը տրվել է «Բուհերի որակի ապահովման ներքին համակարգի բարելավման նպատակով բուհերին տրվող դրամաշնորհներ» առանձին ղեկավար ձեռնարկով: Ղեկավար ձեռնարկը հաստվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով` նախապես համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ:

5. Սպասվելիք արդյունքները

  • «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» Հիմնադրամի, նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների` մասնագիտական կրթության, լիցենզավորման վարչություների  և բուհերի համապատասխան  բաժինների աշխատողների  կարողությունների զարգացում, նորաստեղծ կառույցների (ՈԱԱԿ, բուհերում ներքին որակի գնահատման ստորաբաժանումներ) գործունեության ապահովում` Բոլոնիայի պահանջներին համապատասխան:
  • Հայաստանում Որակի ապահովման  միջազգայնորեն համադրելի համակարգի ստեղծում և կայացում: